«Աշխատողներին չենք կարող վճարել․ արտադրանքը, որ ուղարկում էինք արտերկիր՝ մնացել է կեսճանապարհին»․ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մարքետինգի բաժնի պետ
Երեկ՝ ապրիլի 22-ին, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն ավելի քան մեկ ամսվա հարկադիր պարապուրդից հետո աշխատանքի էին գնացել՝ առանց պարետի թույլտվության։
«Մենք էլ ուզում ենք աշխատել, պետության աջակցության ոչ մի ծրագիր մեզ չի հասնում, ուզում ենք աշխատել, կարո՞ղ է գնանք, հաց մուրանք»,- ասում էին նրանք՝ հավելելով, որ լսել էին, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեքստիլի աշխատանքը, սակայն տեղյակ չեն եղել, որ վարչապետի հայտարարությունը պետք է պարետը հաստատի։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի Մարքետինգի բաժնի պետ Վազգեն Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկա պահին ֆաբրիկայում ոչ ոք չկա։
«Աշխատողներին իրավունք չունենք ներս թողնել, կանչել, որովհետև պարետի որոշմամբ դա անթույլատրելի է։ Դա է ամբողջ խնդիրը։ Եթե 20 հոգի աշխատող էլ կանչենք, կարող է գան ու էլի տուգանեն, դրա համար ռիսկի չենք դիմում։ Դիմում ենք ներկայացրել, սպասում ենք պատասխանի»,- ասաց «Գլորիա» կարի ֆաբրիկայի մարքետինգի բաժնի պետը։
Հարցին՝ աշխատակիցները չե՞ն վճարվել պարապուրդի համար, Վազգեն Մարգարյանը պատասխանեց․
«Հնարավոր չէր, որովհետև մեր գումարը դրսից է գալիս, իսկ այս պահին ընդհանրապես չի աշխատում, սակայն աշխատած օրերի համար անպայման վճարվելու են՝ ով որքան աշխատել է։ Իրականում արտադրանքը, որ ուղարկում էինք արտերկիր, անգամ տեղ չի հասել, մնացել է կեսճանապարհին։ Փոխանցումներն էլ են սառեցված։ Մի խոսքով՝ շատ խնդիրներ, բարդություններ կան»։
Նշենք, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին:
Ֆաբրիկան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:
«Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, որտեղ աշխատում են 2500 աշխատողներ:
2 մասնաճյուղերում միասին ամեն ամիս արտադրվում է 150.000 տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ: