«Լավրովը հստակ հասկացրեց` համատեղ ընկերությունների նկատմամբ Երևանի «հարձակողական» քաղաքականության պայմաններում գազի գնի նվազեցման մասին խոսելն անիմաստ է». Արմեն Մանվելյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխանը հստակ էր, նա խոսում է այն մասին, ինչի շուրջ հայ փորձագետները գրել ու խոսել են նախկինում։ 168.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

Ռուսական ընկերությունների դեմ 2018-ից սկսված արշավը հստակ քաղաքական մեսիջներ էր պարունակում, ինչին ի պատասխան և տեղի ունեցավ 2019թ․գազի գնի բարձրացումը մոտ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար սահմանին` 1000 խմ համար: Սակայն նույնիսկ սրանից հետո այս «հարձակողական» քաղաքականությունը, ՊԵԿ-ի կողմից շարունակական ստուգումները «Հարավկովկասյան երկաթուղիներում», «Գազպրոմ Արմենիայում» և ինչ-որ անհասկանալի գումարների պահանջը, որոնք իբր չվճարված հարկեր են, շարունակվեց»,- նշեց փորձագետը` հավելելով, որ գազի գնի բարձրացումից հետո ներքին սակագները չբարձրացան՝ ի հաշիվ «Գազպրոմ Արմենիայի» ներքին ռեսուրսների:

Արմեն Մանվելյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից վերը նշված քայլերը չէին կարող աննկատ մնալ, և Մոսկվայի կողմից այն գնահատվեց, այսպես ասած, ոչ բարեկամական` համապատասխան հետևանքներով։

«Դրա արդյունքն է նաև այսօրվա ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որը փաստացի շեշտում է` դաշնակցական քաղաքականությունը չի կարող միակողմանի լինել։ Այսինքն` հստակ հասկացնել է տալիս, որ գոնե այս պահին Երևանի վարած նման քաղաքականության պայմաններում գազի գնի նվազեցման մասին խոսելն անիմաստ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ի և Բելառուսի գազի գնի վերանայման պահանջին՝ հայտարարել է, որ, երբ ՀՀ-ի և Բելառուսի համար գազի գինը, որն այսօր կա, 2-3 անգամ ցածր էր շուկայականից, դա ընդունվում էր՝ որպես իրողություն, փաստ, և ոչ ոք չէր ասում, թե դա քաղաքականություն է, այլ, որ իրենց հասնում է դա:

«Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ: ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,- ասել է Լավրովը՝ ՀՀ-ի մասով հիշեցնելով ներքին տարիֆների մասին:

Լավրովը ՀՀ-ի մասով այլ հիշեցումներ ևս արել է, մասնավորապես, նա ՀՀ-ին կամ ՀՀ իշխանություններին ակնարկել է, որ, եթե դաշնակցային հարաբերությունների մասին է խոսվում, ապա դրանք պետք է բոլոր ոլորտներում արտահայտվեն, մինչդեռ վերջին երկու տարում դատական գործընթացներ են սկսվել համատեղ ընկերությունների նկատմամբ:

«Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք լիահույս ենք, որ դատական այն պրոցեսները, որոնք վերջին երկու տարիներին սկսվել են մեր համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ նաև «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, ապա դրանք կկարգավորվեն՝ առանց դաշնակիցներին ոչ հարիր տարատեսակ բաներ ներդնելու փորձի»,- շեշտել է Լավրովը` ընդգծելով, որ ռուսական մի քանի ընկերությունների համար «բարդ իրավիճակներ» են ստեղծվել:

Տեսանյութեր

Լրահոս