«Հոգնեցինք արդեն մերկապարանոց հայտարարություններից». Գեղամ Մանուկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ, ի թիվս այլ հարցերի, կրկին անդրադարձավ մամուլին ու ասաց, թե նախկինում լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից «կոնկրետ փող ա ստացել, հիմա չի ստանում էդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում վարչապետի հայտարարությունն էմոցիոնալ որակեց:

«Դա, իհարկե, էմոցիոնալ գնահատական է, էմոցիոնալ հայտարարություն է, և ես դա չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դա մանր խնդիր է, մեր պետության մասշտաբով առանձնապես մի հետաքրքրություն չի ներկայացնում»,- ասաց Արամ Աբրահամյանը:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանն էլ ասաց, թե պաշտոնատար անձը հայտարարություն անելիս փաստեր պետք է հրապարակի:

«Եթե պաշտոնատար անձը, այդ թվում՝ վարչապետի մակարդակով, հայտարարություն է անում մերկապարանոց, կա՛մ փաստեր է հրապարակում, կա՛մ ինքն այդ ժամանակ իշխանությունից շատ էլ լավ  տեղյակ է եղել, թե ով է գումար ստացել: Եվ ընդհանրապես լրագրողական աշխարհը փոքր է Հայաստանում, բոլորս էլ հո լա՞վ գիտենք՝ որ նախարարը որ լրատվամիջոցին է օգնել, ֆինանսավորել՝ այս կամ այն նյութը չտպագրելու համար: Հոգնեցինք արդեն մերկապարանոց հայտարարություններից»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս