«ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու միջանցք կա, Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ միջանցքով գնալ». Արարատ Միրզոյան 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը շատ լավ է աշխատում և բոլոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքանով դա հնարավոր է:

«Շատ մանրամասն հանձնաժողովի աշխատանքներից տեղյակ չեմ, բայց, բնականաբար, ընդհանուր գծերով գիտեմ, ուստի կարող եմ հույս հայտնել, որ, երբ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեն, ապա հասարակությունը կստանա ամբողջական տեղեկատվություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որին երեկ մասնակցում էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին ԱԺ-ում դիմավորել է, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ հանձնաժողովում հանդիպումը տևել է մինչև ուշ երեկո, հրավերը եղել է հանձնաժողովի կողմից, ուստի վստահ է, որ հանձնաժողովը կազմակերպել է Երրորդ նախագահի և՛ դիմավորումը, և՛ ճանապարհումը:

«Ուզում եմ ասել, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը և՛ դարպասով, և՛ մեքենայով, գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք ու միջանցք կա, Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ միջանցքով գնալ, այսինքն՝ ինչ անհրաժեշտ եղել՝ արվել է»,- ասաց նա:

Հարցին՝ երեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում հանդիպելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խոսելու է միայն ապրիլյան պատերազմից, ավելին՝ քննիչ հանձնաժողովում պատասխանելու է բոլոր հարցերին, առաջիկայում սպասե՞լ նոր բացահայտումների, Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Բա ես ի՞նչ իմանամ, թե Սերժ Սարգսյանն ի՛նչ է ուզում ասել, ամեն դեպքում Հայաստանն ազատ ու ժողովրդավարական պետություն է, և այստեղ ցանկացած ոք կարող է ցանկացած պահի հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խոսել ցանկացած հարցի շուրջ: Ինչ վերաբերում է հանձնաժողովի կողմից բացահայտումներին, ապա ասեմ, որ բացահայտումներ արել են, սակայն այստեղ հարցն այն է, թե ինչ տրամաչափի է: Հիմա կարող է ասեմ՝ սա բացահայտում է, դուք էլ ասեք, թե դա ի՞նչ բացահայտում է որ: Եկեք սպասենք, որովհետև, երբ լինի հանձնաժողովի եզրակացությունը, դրա մասին բոլորս կիմանանք, ոչինչ գաղտնի չի մնա: Կարծում եմ՝ անկախության շրջանի հետ կապված մեր հասարակության մոտ որևէ մութ հարց չպետք է մնա, ցանկացած հարց, որը մարդկանց հուզում է, հնարավորության սահմաններում պետք է քննվի և ներկայացվի մարդկանց»:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ կապված քննիչ հանձնաժողովի հետ:

Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր, թե հանձնաժողովի աշխատանքները պետք է սառեցնել, քանի որ այն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում:

ԱԺ նախագահն ասաց, որ այս հայտարարությանը բավականին դրական է վերաբերվում, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի կարծիք հայտնելու:

«Չեմ թաքցնում, որ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կշիռ ունեն, նախկին նախագահն է խոսել, և այս մարդկանց դիրքորոշումը մի քիչ ավելի ուշադրության է արժանի: Կարդացի նրա դիրքորոշումը, բաներ կան՝ կիսում եմ, որոշ բաներ էլ՝ ոչ: Չեմ կարծում, որ ապրիլյան պատերազմին վերաբերող կետն այդպես շատ մտահոգիչ է, չեմ կարծում, որ հանձնաժողովի աշխատանքները պետք է սառեցնել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով չգալու որոշմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե նա ճիշտ է արել, որ հանձնաժողովին չի ներկայացրել իր գիտելիքներն ու տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս