Անկախության երկրորդ հանրաքվե

Այս տարի Հայաստանի անկախության տոնը որոշակիորեն առանձնահատուկ է նրանով, որ դրանից ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները: Ուղիղ կապ` Անկախության 21-րդ տարեդարձի և 2013 թվականի նախագահական ընտրությունների միջև, իհարկե, չկա:

Սակայն հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ներքին ու հատկապես՝ արտաքին քաղաքական օրակարգը, աշխարհում ու տարածաշրջանում կատարվող իրադարձությունները, հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններով է էապես պայմանավորված լինելու Հայաստանի անկախության ու ինքնիշխանության մակարդակն ապագայում: Տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան նախագահի հնարավոր թեկնածուների անձերի, որքան նրանց առաջադրումը, հաղթանակը  կամ պարտությունը պայմանավորող գործոնների մասին է:

Հայաստանի ներքաղաքական գործընթացները նախկինում երբեք այնքան չեն պայմանավորվել արտաքին գործոններով, որքան ներկայումս: Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ այդ գործոնների ազդեցության չափաբաժինն ավելանալու է: Աշխարհը` բազմաթիվ հայտնի գործոնների պատճառով, այս ընտրություններից առաջ Անդրկովկասում ու հատկապես՝ Հայաստանում շատ որոշակի խնդիրներ է առաջադրել և ընտրություններին փորձելու է հասնել դրանց լուծմանը: Խոսքը, բնականաբար, Ռուսաստան-Արևմուտք հակադրության մասին է, որը ներկայումս կարծես դուրս է եկել նախկին «սառը ռեժիմից» և դրսևորվում է շատ կոնկրետ քաղաքական գործընթացների տեսքով:

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանին Եվրասիական միության անդամ դարձնելու համար, Արևմուտքն էլ` Եվրոպան ու ԱՄՆ-ը, նույնքան ակտիվորեն ջանքեր են գործադրում դա թույլ չտալու համար: Ռուսական ճնշումների ավելացմանն ուղիղ համեմատական կերպով ավելանում են նաև արևմտյան «քաջալերումները»: Նախագահական ընտրությունները դառնալու են այդ ճնշումների ու խոստումների հատման կիզակետը:

Այս պայմաններում նախագահական ընտրություններից առաջ, ըստ էության, որևէ զարգացում, անգամ ֆորսմաժորային` բացառել չի կարելի: Առայժմ նախագահ Սերժ Սարգսյանն, իհարկե, դիտվում է նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտը` ոչ թե անսահման վարկանիշի, այլ քաղաքական դաշտի աղճատվածության և մնացած հնարավոր թեկնածուների հնարավորությունների անկման պատճառով: Ս. Սարգսյանի հիմնական խնդիրը, սակայն, ոչ այնքան ներքին խաղացողների, որքան արտաքին բևեռների հետ է:

Այդ խնդիրը լայն իմաստով հանգում է բևեռներից յուրաքանչյուրի  առաջ ստանձնած պարտավորությունները հավասարակշռելուն կամ հակակշռելուն: Հակառակ դեպքում, այսինքն` կամ ռուսական ճնշումներին միարժեք ենթարկվելու, կամ արևմտյան աջակցության միջոցով դրանից պաշտպանվելու պարագայում, իրավիճակի սրման հավանականությունը մեծանալու է: Այդ առումով Ս. Սարգսյանը բավական բարդ իրավիճակում է, քանի որ տարբերակների ընտրությունը, մեղմ ասած, մեծ չէ:

Առավելագույնը, որին պետք է ձգտի Ս. Սարգսյանը, ռուսներին համոզելն է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, կանդամակցի Եվրասիական միությանը, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի նախագահական ընտրություններից հետո: Ռուսները, սակայն, դրան հենց այնպես չեն համաձայնվի և, բնականաբար, ընտրություններում կապահովագրեն իրենց: Խոսքը, տվյալ դեպքում, ոչ այնքան որևէ այլ թեկնածուի աջակցությունն ու հաղթանակն ապահովելն է, որքան ընտրությունների ընթացքը «հարամելը»: Այդ դեպքում Ս. Սարգսյանը կվերընտրվի

Նախագահի պաշտոնում, սակայն կասկածելի լեգիտիմությամբ: Դա ապահովելու համար հայաստանյան ուժերի պակաս չի զգացվի. միայն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը բավական են դրա համար: Միջազգային հանրության համար ոչ լեգիտիմ Ս. Սարգսյանը ստիպված կլինի պաշտպանություն փնտրել Ռուսաստանում, որն այդ դեպքում կարող է արդեն ոչ թե ստիպել Հայաստանին անդամագրվել Եվրասիական միությանը, այլ ստեղծել այնպիսի վիճակ, որ Ս. Սարգսյանն ինքը հանդես գա նման խնդրանքով: Թվում է` այս պայմաններում կարող է լուծում համարվել Արևմուտքի հետ «ուղիղ խաղը», սակայն Ռուսաստանը Հայաստանում բավականաչափ ռեսուրսներ ունի՝ դա թույլ չտալու համար:

Բացի այդ, Հայաստանի անկախության տեսանկյունից՝ «ռուսական տիրապետության» փոխարինումն արևմտյանով, ըստ էության, տարբերություն չունի:

Այս իմաստով, առաջիկա նախագահական ընտրություններն իրենց նշանակությամբ գրեթե հավասարազոր են լինելու Անկախության հանրաքվեին: 2013 թվականին պետք է «այո» ասել այն թեկնածուին, ով թե Ռուսաստանից, թե Արևմուտքից Հայաստանին պարտադրվող գործընթացներին «ոչ» պատասխանելու կամք ու հնարավորություն կունենա: Դժբախտաբար, ընտրություններից  6 ամիս առաջ նման թեկնածու դեռևս չի ուրվագծվում:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս