Բաժիններ՝

«Գյուղացին պետք է իմանա, որ, եթե վարկեր վերցնի, մշակի, ապա արտադրանքի իրացումը պետությունը վերցնելու է իր վրա»․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը 168am-ի հետ զրույցում թվարկեց այն քայլերը, որոնք ՀՀ իշխանությունները պետք է կատարեն՝ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բացասական հետևանքները մեղմելու համար։

«Առաջին հերթին՝ դա կապված է գյուղատնտեսության ոլորտի հետ։ Նախ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր աճեցրած բերքը մինչև վերջին կիլոգրամը պետք է գնվի։ Կառավարությունը հենց այսօր պետք է գյուղացուն երաշխավորի, որ նրա արտադրած ցանկացած տեսակի գյուղատնտեսական արտադրանք չի մնա դաշտում, այլ պետությունը դա կգնի, այսինքն՝ իրացման խնդիրը պետք է վերցնի իր վրա։ Եթե մենք այսօր այդ քայլին չգնանք, ապա գյուղացին չունենալով հստակ հեռանկարներ՝ չի մշակի, և շատ մեծ հողատարածություններ այս տարի անմշակ կմնան։ Սովորաբար, ճգնաժամային իրավիճակներում, երբ գնորդների քանակը նվազում է, պետությունը դառնում է հիմնական գնորդը, և այդ դերակատարումն այսօր պետությունը պետք է առաջին հերթին՝ վերցնի իր վրա։ Կլինի դա կարտոֆիլ, ցորեն, խաղող, ծիրան, ցանկացած բերք գյուղացին պետք է իմանա, որ, եթե վարկեր վերցնի, մշակի, ապա դրա իրացումը պետությունը վերցնելու է իր վրա»,- ընդգծեց նա։

Գագիկ Մինասյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ դիտարկման հետ, որ այս իրավիճակում չափազանց կարևոր են կապիտալ ծախսերը․

«Բավականին մեծ քանակով արտագնա աշխատողներ այդ տարի չեն կարողանալու մեկնել աշխատանքի Ռուսաստան, և, մասնավորապես, շինարարության հետ կապված կապիտալ ծախսերը պետք է անպայման կատարվեն․ դա կլինի ճանապարհների շինարարություն, դպրոցների վերանորոգում, ջրագծերի վերանորոգում և այլն»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ սոցիալապես անապահով խավին պետք է ուղղակի օժանդակություն տրվի․

«Օրինակ՝ հարևան Վրաստանն այդ բնագավառում շատ ռադիկալ քայլերի է գնացել, և մենք պետք է հետ չմնանք Վրաստանից․ անապահով ընտանիքների բոլոր կոմունալ ծախսերը պետությունը պետք է իր վրա վերցնի, որովհետև այդ ընտանիքների աշխատող մասը հիմա գործնականում առանց աշխատանքի է մնացել։ Գոնե անապահով խավի կոմունալ ծախսերը պետությունը պետք է վերցնի իր վրա, քանի դեռ իրավիճակը քիչ թե շատ չի նորմալացել»։

Գագիկ Մինասյանը նկատեց՝ ամբողջ աշխարհն է խոսում այն մասին, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ավելի խորն են լինելու, քան 2008-2009 թթ․ ֆինանսական ճգնաժամի հետևանքները․ «Հայաստանը դրանից անմասն մնալ չի կարող, և այդ տեսակետից պետք է անել հնարավոր ամեն բան՝ այդ հետևանքները մեղմելու համար։ Մասնավորապես, այն ամենը, ինչ արդեն իսկ ասացի՝ ամենանախնական քայլերն են, որից հետո պետք է քայլեր արվեն այն բիզնեսների ուղղությամբ, որտեղ տնտեսվարողը պահպանում է իր աշխատատեղերը և արտադրանքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս