«Տեսնում ենք, որ գնալով հիասթափվածների թիվը մեծանում է». Ստեփան Դանիելյան
Շուրջ մեկ ամիս է, ինչ հայաստանյան քաղաքական ու հասարակական քննարկումների առանցքում է Covid 19-ի թելադրած օրակարգը՝ վարակի տարածման տեմպերի կառավարումը և տնտեսական ու սոցիալական հետևանքների հաղթահարումը:
168.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե գործող իշխանությունների երկու տարիների աշխատանքն արդյո՞ք թույլ է տալիս ենթադրել, որ նրանք պատրաստ են հակաճգնաժամային կառավարման, հետևանքների անցնցում հաղթահարման:
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց, որ կառավարման երկու տարիների ընթացքում իշխանությունները որևէ հստակ կամ հասկանալի քաղաքականություն չեն վարել.
«Իրենց բոլոր քայլերն ըստ էության ձախողվել են՝ և՛ օրենսդրական դաշտում, և՛ նաև տնտեսական քաղաքականության մեջ: Օրենսդրական դաշտում մենք հիշում ենք ինչ-որ անհասկանալի դատական ռեֆորմները, որոնք տեղի չունեցան, անհասկանալի անցումային արդարադատությունը, վեթինգը, որոնք տեղի չունեցան, մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց մասին իրենք հայտարարել էին իշխանափոխության ժամանակ՝ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ, դրանք նույնպես տեղի չունեցան:
Ինչ-որ քննարկումներ եղան, հետո սառեցվեցին՝ ինչպես մնացած բոլորը, Սահմանադրական փոփոխություններ, որոնք խոստացել էին՝ վարչապետի լիազորությունների վերաբերյալ, ԱԱԾ-ի և Ոստիկանության վերաբերյալ, դրանք նույնպես տեղի չունեցան, և մենք կարող ենք ենթադրել, որ որևէ հստակ քաղաքականություն, որևէ հստակ քայլեր չունեն, ուղղակի ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարց են բարձրացնում, հանրային քննարկումներ են դրանց շուրջ տեղի ունենում, հասարակությունը զբաղվում է, ինչ-որ սպասելիքներ է ունենում և շարունակություն չի ունենում: Սա պոպուլիզմի դրսևորումն է, և իրենց ցանկությունը ոչ թե խնդիրներ լուծելն է, այլ հանրությանը զբաղեցնելը՝ իմիտացիա ստեղծելու համար:
Եթե հաշվի առնենք իրենց երկու տարվա այս քաղաքականությունը, տվյալ դեպքում քաղաքականությունը կարելի է չակերտների մեջ վերցնել, ապա ենթադրում եմ, որ այս ծանր իրավիճակում իրենք ելքեր չեն կարողանա գտնել:
Մենք տեսնում ենք, թե քաղավիացիայի ոլորտում ինչ է կատարվում. եթե ստուգումներ լինեն մյուս ոլորտներում, երևի մոտավոր նույն պատկերը լինի. այս առումով նաև կարծում եմ, որ գործող իշխանությունները չեն կարողանալու այս ծանր իրավիճակից դուրս գալ»:
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ իշխանությունը կորցնում է նաև իր աջակիցներին.
«Եթե երկու տարի առաջ իրենք ունեին հանրության մի զգալի հատվածի վստահությունը, և այդ հանրությունը պատրաստ էր աջակցել նրանց իրենց գործողություններում, ապա այժմ տեսնում ենք, որ գնալով հիասթափվածների թիվը մեծանում է»:
Հարցին, թե՝ համավարակով պայմանավորված իրավիճակի ֆոնին՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել Առաջին նախագահն իր ուղերձով, և ինչպե՞ս եք վերաբերվում նրա գնահատականին, թե՝ «իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը, եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության», քաղաքագետը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ առաջին նախագահի ուղերձի միայն վերջին կետերն եմ կարդացել, կարևոր չեմ համարել ժամանակ ծախսել այդ ուղերձը կարդալու համար, հաջորդը՝ եթե ուղերձ է հղում, և այդ ուղերձում, որտեղ կոչ է արվում հանդարտության՝ այս ծանր ժամանակաշրջանում, և նման կոպիտ, վիրավորական արտահայտություններ են հնչում, և այլն, դա արդեն զինադադարի ուղերձ չէ, հակառակը՝ կրքեր բորբոքելու ուղերձ է:
Ինչ խնդիր է լուծում՝ չգիտեմ, գուցե իր մասին հիշեցնելու և իր ծառայություններն առաջարկելու Նիկոլ Փաշինյանին, և ես չեմ կարծում, որ դա համաձայնեցված է եղել. ուղղակի ինքնագործունեություն է եղել և ըստ էության իր նպատակին չի հասել»: