Միայն պետական մարմինների իրականացրած միջոցառումները բավարար չեն, անհրաժեշտ է նաև հասարակության պատասխանատվությունը. Սերոբ Անտինյան

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ: Օրեր անց պարետի որոշմամբ երկրում մտցվեց տեղաշարժի խիստ սահմանափակում: Շատերն իշխանության գործողությունները համարեցին ուշացած: Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում  Հայաստանում իրականացվող քայլերի արդյունավետության մասին 168.am-ը զրուցել է կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ:

– Պրն Անտինյան, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ձեռնարկված քայլերը շատերն ուշացած են համարում՝ նշելով, որ բաց ենք թողել հունվար և փետրվար ամիսները, ինչի արդյունքում ամեն օր ավելանում է կորոնավիրուսով  վարակակիրների թիվը: Ըստ Ձեզ՝ կառավարման տեսանկյունից  այդ ամիսներին քայլեր չձեռնարկելն ուշացա՞ծ էր:

– Իրապես կարելի էր կանխարգելիչ միջոցառումները սկսել ավելի շուտ: Ես Ձեզ պարզապես բերեմ հաջողված երկրների մի քանի օրինակ:

Օրինակ, Թաիլանդը, որ գտնվում է Չինաստանից ընդամենը 120 կմ հեռավորության վրա, և այդ երկրի բնակչության շուրջ 15%-ը՝ մոտ 6 միլիոն մարդ, ազգությամբ, ծագումով չինացի է, բնականաբար, Չինաստանի հետ ազգակցական շատ սերտ կապեր և հարաբերություններ կան, և բավական ինտենսիվ շարժ կա այդ երկու երկրների միջև, դեռ հունվարի վերջին, հունվարի 31-ին, երբ Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն տվյալներ ներկայացրեց իր մոտ նոր տեսակի կորոնավիրուսի, նոր տեսակի հարուցիչի վերաբերյալ, անմիջապես այդ երկրում սկսեցին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Նախ՝ անմիջապես սահմանափակեցին շփումները հարևան երկրի հետ, և երկրի բոլոր 28 օդանավակայաններում 3-4 օրվա ընթացքում տեղադրվել էին ջերմախտորոշիչ սարքերը և  կարանտինային գոտիներ էին առանձնացրել Չինաստանից ժամանող քաղաքացիների համար:

Իհարկե, կարելի էր ավելի շուտ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, մանավանդ որ, վիրուսն արտաքին աղբյուր ուներ, բերովի էր: Ինչևէ, կառավարությունը և իշխանության մարմինները հընթացս փորձեցին արագ մոբիլիզացնել ռեսուրսները: Այս փուլում թեև, այո, վարակակիրների թիվը շատ է, չնայած ասեմ՝ թեստի արդյունքը որ դրական է, դեռ չի նշանակում, որ այդ հիվանդը դատապարտված է: Միգուցե թեստը տալիս է դրական արդյունք այնքանով, որքանով հայտնաբերվում են այդ հակամարմինները տվյալ մարդու օրգանիզմում, բայց վիրուսը չունի այնպիսի դրսևորումներ, այնպիսի ախտահարող ազդեցություն, որ վտանգ  սպառնա: Նույնիսկ կան մարդիկ, որոնց մոտ սիմպտոմատիկա ի հայտ չի գալիս: Ինքնին մեծ թիվը դեռ մեծ ռիսկեր չի պարունակում այն առումով, որ, եթե այդ անձանց մեկուսացնում են, կամ այդ անձինք ինքնամեկուսանում են և պահպանում են ըստ էության ողջախոհությունը և դուրս չեն գալիս, վտանգ չեն ստեղծում այլոց համար: Այս առումով մենք կարող ենք նաև որոշակի ապահովության մասին խոսել:

– Այս պահին ձեռնարկվող հակաճգնաժամային գործողություններն արդյունավե՞տ են:

– Ես կարծում եմ՝ արդյունավետ են այնքանով, որքանով այդ գործողություններն իշխանությանն են վերապահված: Բայց չմոռանանք, որ ընդհանրապես համաճարակների պարագայում մենք ոչ միայն պետական մարմինների գործողությունների արդյունավետության խնդիր ունենք, այլև հասարակության: Այստեղ մենք երկու «գործող անձ» ունենք, երկու կողմ ունենք: Իշխանությունն ինչքան էլ արդյունավետ գործողությունների դիմի, եթե հասարակությունն իր վարքաբանության մեջ չլինի օրինապահ, չունենա գիտակցության բարձր զգացում, ողջախոհություն, իր քայլերով, գործողություններով չնպաստի վարակի կանխարգելմանը, մենք չենք ունենա արդյունք:

Ըստ էության, և՛օրենքների ընդունումը՝ հեռախոսազանգերի միջոցով տեղորոշման հետ կապված, վարչական և քրեական պատասխանատվության հետ կապված, և՛ պարետատան ստեղծումը, և՛ պարետի որոշումները՝ ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ, բավարար գործողություններ են:

Այլ հարց է, որ անհրաժեշտ է իրավիճակը վերահսկելուց հետո աստիճանաբար սահմանափակումները վերացնել, որովհետև տնտեսությունը չի կարող երկար ժամանակ պարալիզացված մնալ: Աստիճանաբար պետք է  վերադառնալ բնականոն կյանքի, պետք է աշխատեն տարբեր տնտեսվարողները, որպեսզի այդ մարդիկ նույնպես չզրկվեն իրենց օրվա եկամուտից: Պետք է մտնել բնականոն հուն՝ բնականաբար, պահպանելով անվտանգության կանոնները:

– Խոսեցիք երկկողմ քայլերի արդյունավետության մասին: Ըստ Ձեզ՝ հանրությունն ինչպե՞ս է արձագանքում, հանրության գործելաոճը համահո՞ւնչ է այս ճգնաժամային իրավիճակին:

– Ես կարծում եմ, որ համահունչ չէ: Ես կարծում եմ, որ հանրությունն իր վարքաբանությամբ և այս հարցերին իր մոտեցմամբ այնքան էլ պատասխանատվություն չի ցուցաբերում:

Երբ դիտարկում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ այն երկրները, որոնք այս համավարակի հետ կապված՝ գրանցել են լավ ցուցանիշներ, ունեն քիչ վարակվածներ և ունեն ըստ էության առողջապահական համակարգերի կողմից վերահսկելի իրավիճակ, այդ երկրներում հասարակություններն  են շատ ավելի կազմակերպված: Օրինակ՝ Թաիլանդը, Հարավային Կորեան, Չինաստանը, որն ըստ էության կարողացավ ժամանակին կանխարգելել և աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանք, այս երկրներում մենք գործ ունենք հասարակությունների հետ, որոնք ունեն շատ բարձր ներքին ինքնակազմակերպվածություն, օրինապահ են, կարգապահության շատ բարձր մակարդակ ունեն:

Այսինքն՝ միայն պետության, պետական մարմինների իրականացրած միջոցառումները բավարար չեն: Դրանք անհրաժեշտ են որոշակի կարգավորումներ մտցնելու, խաղի որոշակի ընդհանուր կանոններ սահմանելու և ցուցումների համար: Բայց դրանք բավարար չեն, որպեսզի կարողանանք հաղթահարել և պատվով դուրս գալ այս իրավիճակից: Անհրաժեշտ է նաև հասարակության պատասխանատվությունը, հասարակության բարձր օրինապահությունը և ողջախոհությունը: Այս ամենին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից, շփումները սահմանափակել, որպեսզի վարակի տարածումը կանխվի:

– Որոշ ժամանակ առաջ վարչապետը զանգով քաղաքացիների հետ զրուցում էր այս իրավիճակի մասին, այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պատասխանեց  քաղաքացիների հարցերին: Կառավարման տեսանկյունից այս քայլերն ինչքանո՞վ են արդյունավետ:

– Կառավարման այս նոր մոտեցումները ողջունելի են, նաև ընդունելի ու ողջունելի են հասարակության կողմից: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների, վարչապետի ուղիղ շփումը բնակչության հետ, անմիջական հարցադրումներին պատասխանելը, իհարկե, ժողովրդավարության կարևոր ատրիբուտներից է: Ես որևէ վատ բան չեմ տեսնում դրանում: Ընդհակառակը, ողջունելի է, որ իշխանությունները պարբերաբար ուղիղ հաղորդակցության միջոցով  շփվում են քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հուզող հարցերին:

Որքան գիտեմ, այսօր վարչապետը պատասխանել է այն հարցերին, որոնք շատ հավանում են ունեցել: Դա նշանակում է, որ առավել մեծ պահանջարկ ունեցող, հետաքրքրություն ներկայացնող հարցերին է անդրադարձել, և դա լավ է:

– Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային իրավիճակում այսօր համակարգային մոտեցում ունե՞նք:

– Այժմ առանձնացվում են հիվանդանոցներ, առանձին բուժհաստատություններ համաճարակի հնարավոր բռնկումների համար, Մարզահամերգային համալիրում է հատկացվել տարածք: Պետությունն իրականացնում է նախնական կանխարգելիչ միջոցառումներ, պատրաստվում է հավուր պատշաճի՝ հնարավոր վատագույն սցենարների դեպքում: Այսօր   վարակակիրների բավական ցածր ցուցանիշ ունենք, ու եթե անկումը,այս դինամիկան պահպանվի, կարող ենք ասել, որ մենք կարողացել ենք պիկն անցնել: Իսկ դա մի կողմից շատ կարևոր ցուցանիշ է առողջակահական համակարգի կողմից իրավիճակը վերահսկելի պահելու առումով, մյուս կողմից հանրությունն աստիճանաբար դուրս կգա այս իրավիճակից, կվերադառնա բնականոն կյանք: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն արվում են:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ փետրվար ամսին կամ  մարտի սկզբին կտրուկ միջոցառումներով ի սկզբանե կանխվեր հենց նույն օդանավակայանից վիրուսի տարածումը: Բայց ունենք այն, ինչ ունենք, և այժմ այս միջոցառումների խստացումը որոշակիորեն զսպեց հնարավոր լայն բռնկումները:

Կան երկրներ՝ Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ը, որոնք շատ ուշ են արձագանքել այս ամենին: Եվրոպական երկրներում բավականին խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան մեր երկրում: Գերմանիայում ընդհանրապես արգելված է մեկից ավելի մարդկանց միասին զբոսանքը, մինչդեռ մեզ մոտ ընտանիքով հնարավոր է շենքի մոտակայքում զբոսնել: Աշխարհի բոլոր երկրներն այս ահագնացող իրավիճակով մտահոգված են, և պետությունները կիրառում են շատ խիստ միջոցառումներ վարակի տարածումը կանխարգելելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս