«Ընտրական գործընթացում կա քաղաքական հայտարարությունների ընթացակարգ, որից թեկնածուները կարող են օգտվել կամ չօգտվել, իսկ իրավական լուծումներն օրենքում հստակ տրված են». Սրբուհի Արզումանյանը` Մայիլյանի մասին

Ապրիլի 5-ին Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որն անցել է երկրորդ փուլ, հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ընտրողներին չմասնակցել Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրություններին` պայմանավորելով այն կորոնավիրուսից բխող վտանգով:

«Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը»,- նշել է նա:

Ի դեպ, Սամվել Բաբայանը դեռ ապրիլի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Մայիլյանի` երկրորդ փուլից հրաժարվելու վերաբերյալ հարցին պատասխանել էր. «Իմ կարծիքով, արդեն պիտի հայտարարած լիներ, որ չի ուզում մասնակցի երկրորդ փուլին, ինչքան ես գիտեմ: Բայց սպասենք, կհայտարարեն, էլի»:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Արցախի Ընտրական օրենսգիրքը:

85-րդ հոդվածի 5 կետում նշված է.

 Հանրապետության Նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:

Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած, իսկ թեկնածուն պարտավոր է հատուցել իր նախընտրական քարոզչության համար։

Այսինքն` Մասիս Մայիլյանի դեպքում այս հնարավորությունն իրավական հարթությունում կորսված է:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց.

««Չմասնակցել» ասելով՝ կարող ենք երկու բան հասկանալ` հայտարարություն՝ քաղաքական տիրույթում, և դիմում ԿԸՀ-ին՝ իրավական տիրույթում։ Քաղաքական հայտարարությունն ինքնին որևէ իրավական հետևանք չի առաջացնում, իսկ իրավական դիմումի դեպքում ԿԸՀ-ն պետք է որոշի՝ իրավունք ունի՞ առհասարակ թեկնածուն երկրորդ փուլին մասնակցությունից հրաժարվել, և եթե՝ այո, ո՞վ պետք է նրան փոխարինի։

Որքան հասկանում եմ՝ իրավական դիմում այս պահին չկա և ամենևին պարտադիր չէ, որ լինի։ Իսկ տեսականորեն, եթե նման դիմում լինի, ես ողջամիտ կհամարեի ԿԸՀ-ի այն որոշումը, որ թեկնածուն չի կարող ավելի ուշ, քան քվեարկության օրվանից 10 օրը, հանել իր թեկնածությունը։ Դա ամրագրված է ԱՀ ԸՕ հոդվածում։ Իսկ այդ ժամկետն արդեն անցել է»։

Հակադարձմանը` եթե Մասիս Մայիլյանը տեխնիկապես կարողանար ինքնաբացարկ տալ, այդ դեպքում քվեաթերթիկում կլինեին Արայիկ Հարությունյանին «կողմ», «դեմ» տարբերակներ, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Այն մոտեցումը, որ կա, թե պետք է «այո» կամ «ոչ» լինի, դա նոնսենս է, դա աբսուրդ կլինի, որովհետև չի կարող լինել երկրորդ փուլ՝ առանց 2 թեկնածուի: Պետք է 3-րդ տեղը գրավածին հնարավորություն տրվի, 2-րդ փուլ 1 թեկնածուով չի լինում»:

Իսկ քանի որ, ինչպես նշեցինք, Մայիլյանն ինքնաբացարկ չի հայտարարել սահմանված ժամկետում, և’ իր, և’ Արայիկ Հարությունյանի անունը քվեաթերթիկներում կլինեն, և Մայիլյանի կողմնակիցներն ընդամենը կարող են բոյկոտել և չգնալ քվեարկության: Քաղաքական տեսանկյունից Մայիլյանն այս դեպքում դառնում է «բուտաֆորիկ» թեկնածու:

168.am-ի հետ զրույցում Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ վաղը` ապրիլի 7-ին, արդյունքների ամփոփման նիստ է հրավիրվելու, որտեղ այս վերը նշված հարցերին անդրադարձ լինելու է:

«Ընտրական գործընթացում կա քաղաքական հայտարարությունների ընթացակարգ, որից թեկնածուները կարող են օգտվել կամ չօգտվել, դա իրենց իրավասության տիրույթում է, իսկ իրավական լուծումներն օրենքում հստակ տրված են: Քանի որ ինքնաբացարկի ժամկետն անցել է, այս դեպքում 2-ի անունն էլ` Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի, լինելու է քվեաթերթիկում: Օրենքի շրջանակում ընտրության օր կհայտարարվի, քվեաթերթիկում կլինի 2 անուն, և ընտրողների տված քվեի համապատասխան ամփոփումներ կանենք»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե 6 մանդատից ավելի ունեցող ուժի` մանդատները վայր դնելուց և հաջորդող համարներում ընդգրկված մարդկանց հրաժարումից հետո կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը նոր ընտրությունների հանգեցնի, Սրբուհի Արզումանյանն արձագանքեց, որ քաղաքական գործընթացներում կարող են լինել տարբեր լուծումներ, որն ինքն իրավասու չէ մեկնաբանել:

Տեսանյութեր

Լրահոս