Էլի ունենք լրտեսության գործեր, լրտեսներին չենք բռնում, որպեսզի ցանցերը բացահայտենք․ Փաշինյան

Երբ լրտեսության գործ է բացահայտվում, իրավապահները միանգամից չեն գնում լրտեսի հետևից, որպեսզի կարողանան նաև նրա կապերն ու այլ մանրամասներ պարզել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի շուրջ ծավալված իրադարձություններին։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ անձը շուրջ 2 տարի լրտեսությամբ է զբաղվել, սակայն նրա հետևից իրավապահները նոր են գնում, լրագրողը հիշեցրեց նաև, որ վերջին օրերին Փաշինյանը հանրահավաքների ժամանակ պարբերաբար սպառնում է իր քաղաքական հակառակորդներին, արդյոք սա հիմք չէ՞ մարդկանց համար կարծելու, թե իրավապահները գործել են նրա ցուցումով։

Ի պատասխան, Փաշինյանն ասաց. «Երբ լրտեսության գործ է բացահայտվում, դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնել, որովհետև մենք օպերատիվ հետևում ենք, որ ցանցերն ու գործելակերպը բացահայտենք։ Էլ չեմ ասում՝ լրտեսի ստացած հանձնարարությունները մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, ձերբակալումն իրականացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է»:

Նրա խոսքով՝ գրագետ չէ միանգամից լրտեսի հետևից գնալը, կարևոր է հասկանալ՝ ումից է և ինչ հանձարարություններ է ստանում, ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է և ինչպես է հայտնվում (ակնարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի նախընտրական ցուցակի երկրորդ համար Թևանյանն առաջադրված է պատգամավորի թեկնածու. խմբ․)։

«Էդ կուսակցության ղեկավարն ումից է ստանում հրահանգը, ինչո՞ւ է կատարում հրահանգը, գիտակցո՞ւմ է, թե՞ չի գիտակցում, որ գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն «ճ» կլասի լրտես է։ Հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ կապված պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Կա՞պ ունի նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, էդ որդու գործոնով նրա վրա ազդել են, թե չեն ազդել, թե՞ կամովին ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե՞ ինչ-որ բիզնես շահեր ունի և այլն»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր էլ լրտեսներ կան, որոնց մասին իրավապահները գիտեն, սակայն գործողություն կարվի այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը կսպառվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031