Ուկրաինա մուտք գործողները կմնան երկշաբաթյա պարտադիր կարանտինում
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել բաց թողնել միայն սահմանային 21 անցակետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կորոնավիրուսից պաշտպանվելու համար մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել սահմաններին: Ուկրաինայի պետական սահմանային անցակետերից կգործի միայն 21-ը»-հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը:
Նա տեղեկացրել է, որ երկիր մուտք գործողները պետք է մնան պարտադիր կարանտինի մեջ երկու շաբաթ: Պարտադիր կարանտինի դեպքում կան բացառություններ՝ դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անդամներ և այլն:
Ուկրաինայում կորոնավիրուսից վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 942: Մահացել է 23 մարդ: