Բաժիններ՝

Առնվազն 10.000 ֆերմեր այս տարի կօգտվեն կառավարության աջակցության ծրագրից, բանկային ռեսուրսները կլինեն առնվազն 60 մլրդ դրամ. Էկոնոմիկայի նախարար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությունը նաև գյուղոլորտին աջակցելու ծրագրեր է նախատեսել: Գյուղոլորտի ներկայացուցիչ-շահառուներին կառավարությունը փոխհատուցում կամ վարկեր կտրամադրի:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ սա նոր ծրագիր չէ, նախորդ տարի ևս կառավարությունն աջակցել է գյուղոլորտին: Պարզապես այս տարվա ծրագրում որոշակի լրացումներ են արվել, և սա նոր է՝ կառավարության աջակցության ծավալների տեսանկյունից:

«Ուղղությունները մենք գրեթե պահել ենք նույնը: Մեկ շատ կարևոր ուղղություն ենք հավելել: Դա այն է, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները, ֆերմերները կարող են դիմել նաև մինչև 1 միլիոն դրամ միկրովարկավորման համար, և կարծում ենք, որ սա էապես կավելացնի այդ ծավալները: Մենք ունենք նաև առանձնահատուկ հնարավորություն գյուղատնտեսական կոոպերատիվների համար: Կարծում ենք, որ այդ հնարավորությունը դեռևս բավականաչափ պարզաբանելու և տրամադրություններ ստեղծելու ճանապարհ պիտի անցնի: Հուսով ենք, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներն արագ կօգտվեն այդ գործիքից, որովհետև այն նոր պետական համաֆինանսավորման հնարավորություններ է նաև պարունակում»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ծրագրից օգտվողների ընդհանուր քանակին և տրամադրվող գումարների թվային տվյալներին, նախարարն ասաց, որ 2019  թվականի ընթացքում ունեցել են ավելի քան 9.000 շահառու, որոնք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են ավելի քան 53 մլրդ դրամ վերցված վարկային կամ լիզինգային միջոցներ:

«Այդ վարկային և լիզինգային միջոցների հիմնական տոկոսագումարները վճարվել են պետության կողմից: Այս տարվա ըթնացքում վճարվելու են ամբողջությամբ պետության կողմից, ոչ թե հիմնականում պետության կողմից: Կարող ենք վստահ պատկերացնել, որ 2020 թվականի ընթացքում այս գումարն առնվազն 1,5 անգամ մեծ կլինի թե՛ վարկերի, և թե՛ իրենց մասով վճարվող տոկոսագումարների մասով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս պահին դեռևս թվային տվյալներ չկան տվյալ ծրագրերից օգտվողների մասին, քանի որ առևտրային բանկերը տվյալները տրամադրում են որոշակի պարբերականությամբ, այդուհանդերձ, նախարարը վստահեցնում է, որ տարվա վերջում այս միջոցներից օգտվող ֆերմերների քանակը կլինի առնվազն 10.000, իսկ բանկային ռեսուրսները կլինեն առնվազն 60 մլրդ դրամ կամ ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս