«Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է։ Ավելին է, քան գործող նախագահը». Արայիկ Հարությունյան
Այսօր՝ ապրիլի 1-ին, Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է պաշտոն տալ Արցախի դեռ գործող նախագահ Բակո Սահակյանին, քանի որ նա երեկ ընտրության գնալիս լրագրողներին հայտնել է, որ Արցախից որևէ տեղ չի գնալու:
«Բակո Սահակյանը հայտնել է, որ օգնելու է Ղարաբաղի իշխանություներին, բայց օգնելու համար պարտադիր պաշտոն պետք է լինի՞, պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է, չեմ կարծում, թե դրանից ավելի բարձր պաշտոն կա: Ավելին է, քան գործող նախագահը»,- ասաց Հարությունյանը:
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարի խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլն իր համար անակնկալ չէր: Հարությունյանը պնդում է՝ ինքնուրույն հարցումներ է արել, սակայն չի հրապարակել:
«Ես նախ՝ երկրորդ փուլին վաղուց էի սպասում, մինչև ընտրարշավի սկսվելը: Միամիտ չեմ, որ կարծեմ, թե կարող է այն պարագայում, երբ 14 թեկնածու կա, այն էլ՝ այնպիսի թեկնածուներ, որոնք վաստակ ու ճանապարհ ունեն, ընտրությունները կարող էին մեկ փուլով ավարտվել: Ես քաղաքականապես այդքան միամիտ չեմ: Ես միշտ տեսնում էի, ու իմ թիմն էլ գիտի, մինչև ընտրությունները վերջին հանդիպման ժամանակ ասել եմ, որ վերջում 1-1.5 տոկոսի համար ենք պայքարելու, այդպես էլ եղավ: Գյուղերի պատկերները 95 տոկոսով համապատասխանում էին նրան, ինչ ես կանխատեսում էի, միայն Ստեփանակերտում 1500-ի տարբերություն տվեց»,- ասաց Հարությունյանը:
Լրագրողի հարցին, թե հայաստանյան իշխանության վերնախավից ո՞ւմ հետ է նախագահի թեկնածուն քննարկել երկրորդ փուլի անցկացման մասին լուրը, Հարությունյանը պնդեց, որ ոչ մեկի:
«Միայն ընտրություններից առաջ զրուցել եմ Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, բարեմաղթանքներ է ասել, և հյուրանոցներից մեկի սրճարանում հանդիպել ենք Ալեն Սիմոնյանի և «Իմ քայլի» մի քանի այլ պատգամավորների հետ, որոնց չեմ ճանաչում: Բարևել ենք, խոսել ենք, չեմ հիշում սուրճ խմե՞լ ենք, թե՞ ոչ, գնացել ենք»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ընտրվելու դեպքում ո՞ր քաղաքական ուժերի հետ է պատրաստ համագործակցել Հարությունյանը, և որո՞նք են պայմանները:
«Բացի Ադրջեբանից, պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ: Կոալիցիա կազմելու եմ բոլորի հետ: Չեմ ուզում այս պահին հայտարարել ոչ Սամվել Բաբայանի, ոչ առանձին այլ անձանց անուններ: Ես ժամանակին հայտարարել եմ՝ համագործակցելու եմ այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության, և մի պայման կա կարևոր, որը հայտարարել եմ 2019-ի մայիսի 18-ին Իշխանաձորում, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ: Միայն մի հարցում կարող է լինել տարակարծություն, դա ղարաբաղյան հարցն է: Փառք Աստծո, մեր քաղաքական ուժն այս հարցում որևէ տարաձայնություն այս պահին չունի Հայաստանի իշխանությունների հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե նա պատրաստվո՞ւմ է համագործակցել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ, որը Հարությունյանին մեղադրել է ընտրակաշառք բաժանելու մեջ և ուղիղ քննադատում է հայաստանյան իշխանություններին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Եթե ինքը չի տեսնում հայաստանյան քաղաքական ուժերի հետ ակտիվ աշխատանք, ապա ինչպե՞ս համագործակցենք: Կփորձենք համագործակցել այլ կերպ, Ազգային ժողովի ընդդիմությունը ևս մեծ անելիք ունի: Ես այս ասուլիսից հետո կարող եմ զանգել Վիտալի Բալասանյանին, և մենք հանդիպենք, մենք թշնամի չենք, որևէ խնդիր չունենք»:
Թե ո՞վ կլինի Արցախի պետական նախարարը Հարությունյանի ընտրվելու դեպքում, թեկնածուն դեռ չի որոշել, ասաց, թե պաշտոնների մասին չեն մտածել: Արայիկ Հարությունյանը պնդեց նաև, որ Հայաստանի հետ համագործակցությունը պարտադիր է, քանի որ ամբողջ աշխարհում վտանգված է տնտեսությունը:
«Աղետ է սպասվում, մենք միասին պետք է պայքարենք: Հայաստանի պարենային անվտանգության խնդրում Արցախը կարող է մեծ դեր ունենալ: Մենք չպետք է բաժանվենք, տրոհվենք, եթե բաժանվենք, կորցնելու ենք շատ բան: Հեղեղ է գալիս, եթե մինչև հուլիս-օգոստոս շարունակվի այս համաճարակը, ինչի լուծումը մենք չենք տեսնում, խնդիր ենք ունենալու: Մեր պահուստները շատ չեն, որ կարողանանք երկար դիմանալ, վճռական քայլեր են պետք, չեմ ուզում 1992-94 թվականների իրավիճակի մեջ ընկնենք: Քաղաքական մեր ամբիցիաները պետք է մի կողմ դնենք: Ղարաբաղը վաղուց իր պարենային խնդիրը լուծել է, չպետք է այնպես լինի, որ, օրինակ, Արցախում ցորեն լինի, Հայաստանում դրա դեֆիցիտ լինի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը պնդեց նաև՝ սխալվում են բոլորը, որոնք կարծում են, որ հնարավոր է կաշառել արցախցի ընտրողին, քանի որ իր խոսքով՝ իրենց քաղաքացիները սկզբունքային են: Արցախի նախագահի թեկնածուն ասաց նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրենք նախընտրական ծրագիրը փոխելու կարիք չունեն, քանի որ ի սկզբանե էլ այն հակաճգնաժամային է եղել, նաև վստահեցրեց, որ բոլոր թեկնածուների ներկայացրած ծրագրերը կյանքի են կոչվելու, երբ ինքը ստանձնի պետության ղեկը: