Արցախի նոր ԱԺ-ում ներկայացված կլինեն 5 ուժեր. առաջին տեղում Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժն է, երկրորդում` Սամվել Բաբայանի

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի խորհրդարանական  ընտրությունների նախնական արդյունքները` նշելով, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, իսկ անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2.3 տոկոսը:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների ստացած քվեներին, ապա, մասնավորապես, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը ստացել է 23.63 տոկոս կողմ ձայն, ՀՅԴ-ն` 6.4, Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» -ն` 40.4 տոկոս, Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն»-ը` 5.81 տոկոս, Վիտալի Բալասանյանի «Արդարություն»-ը` 7.9 տոկոս:

«Համաձայն Արցախի ընտրական օրենսգրքի, ընտրված են համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական թիմերը, կուսակցությունների դաշինքների դեպքում` 7 տոկոսի շեմը: Այդ իմաստով ունենք հետևյալ պատկերը. ԱԺ-ում ներկայացված կլինեն քաղաքական 5 թիմ, որից առաջին տեղում «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն է ըստ ստացած կողմ ձայների, երկրորդ տեղում «Միասնական հայրենիք»-ը, երրորդում` «Արդարություն» կուսակցությունը, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է, հինգերորդում` Արցախի «ժողովրդավարական կուսակցությունը»»,- նշեց Արցախի ԿԸՀ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս