Բաժիններ՝

ՓՄՁ-ներն անտոկոս վարկեր ստանալու համար արդեն կարող են դիմել Ներդրումների աջակցման կենտրոն

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կառավարությունը Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագիր էր առաջարել:

Այն ՓՄՁ-ները, որոնք գործում են 1 տարուց ավելի, 2019 թվականին ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն, կարող են դիմել վարկ ստանալու համար: Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ վարկերի համար  կարող են դիմել այն  ՓՄՁ-ները, որոնք  ներկայացնում են մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջության, առողջապահական և սպասարկման այլ ծառայությունների ոլորտները։ Կա նաև մեկ կարևոր պահանջ. ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային և հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն:

Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10%-ը:

Վարկով վերցված միջոցները կարող են օգտագործվել՝ 1. ոչ ավելի, քան 3 ամիս աշխատավարձ վճարելու համար, 2. պետական-համայնքային բյուջե հարկեր վճարելու համար, 3. տուրքեր և պարտադիր վճարներ իրականացնելու համար, 4. հումքի գնման և ներմուծման համար՝ պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, 5. հանրային ծառայությունների վճարների համար, և 6. վարձակալական վճարումների համար:

ՓՄՁ-ներին վարկերը տրամադրվում են 36 ամսով: Առաջին երկու տարին, այսինքն՝ առաջին 24 ամիսը, տոկոսներ չեն լինելու, իսկ 25-36-րդ ամսվա համար կլինի 12% տոկոսադրույք: Վարկերն առաջին 6 ամսվա համար ունենալու են արտոնյալ ժամանակահատված, երբ  չեն մարելու ո՛չ վարկերը, ո՛չ տոկոսները:

ՓՄՁ-ներն արդեն կարող են դիմել առաջարկվող վարկերը ստանալու համար: Ներդրումների աջակցման կենտրոնի ներքո գործում են 8-105 և 041010523 հեռախոսահամարներով թեժ գծերը՝ աշխատանքային օրերին՝ 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: ՓՄՁ ներկայացուցիչները կարող են մտնել isc.am կայք և դիմում կոճակը սեղմելով՝ անցնել անհրաժեշտ դաշտեր և լրացնել առցանց դիմումը:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի խոսքով՝ պահանջվող փաստաթղթերը հիմնականում բավականին պարզ փաստաթղթեր են: Փոխնախարարը միայն երկու կետ առանձնացրեց, որոնք, ըստ նրա, կարող են բարդություններ առաջացնել:

«Որպեսզի վարկային պատմությունը կարողանանք ճշտել, պետք է դիմենք acra համակարգին, կամ շահառուն պետք է դիմի acra համակարգից տվյալները ստանալու համար: Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, մենք առաջարկում ենք Ներդրումների աջակցման կենտրոնին տրամադրել լիազորագիր, որով Ներդրումների աջակցման կենտրոնն ինքը կդիմի acra  համակարգին և ինքը կստանա շահառուի փոխարեն այդ տվյալները: Լիազորագիրը կցված է հայտադիմումին, կարող են ներբեռնել, լրացնել: Պարզապես այս լիազորագիրը պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ, որպեսզի գործող համարվի»,- ասաց փոխնախարարը:

Երկրորդ կետը, որն առանձնացնում է փոխնախարարը, վերաբերում է շահառուների  հարկային հաշվետվություններն էլեկտրոնային համակարգից բեռնելուն և դիմումը ներբեռնելուն:

«Վերջում խնդրում ենք, որ հայտատուն լրացնի և նորից էլեկտրոնային ստորագրությամբ հաստատի, որ տրամադրված տեղեկությունները ճիշտ են, որի հիման վրա մենք կկարողանանք արդեն հայտադիմումը մշակել, և հայտադիմումը լրացնելուց հետո 2 օրվա ընթացքում ներդրումների աջակցման կենտրոնից կստացվի էլեկտրոնային նամակ, որտեղ կթվարկվեն, եթե այդպիսիք կան, պակասող փաստաթղթերը։ Նամակով կհաստատվի կամ կփաստվի, որ շահառուն կարող է շարունակել կամ ինչ-որ պատճառով մերժվել է»,- հավելեց Նաիրա Մարգարյանը:

Փոխնախարարի փոխանցմամբ, եթե հաստատվի վարկը, ապա խնդրելու են, որպեսզի շահառուն, որն անհատ ձեռներեց չի, տրամադրի մեկ անհատական երաշխավորություն՝ սեփականատիրոջ կամ կառավարմանը մասնակցող անձի կողմից, որի դեպքում այդ անձի acra հաշվետվությունը ևս անհրաժեշտ է լինելու՝ անձի վարկային պատմությունը տեսնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս