Մարդիկ կսկսեն առանց հեռախոսի տնից դուրս գալ, իսկ օպերատորների տված տեղեկատվությունը 200-300 մետրի շեղում է տալիս. Տիգրան Քոչարյան
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Այս նախագծին դեմ քվեարկեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, իսկ քանի որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն էլ գտնվում էր Արցախում, ուստի քաղաքական մեծամասնությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ կողմ ձայները:
Նախաքծի քվեարկության տապալումից հետո, ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ այս հարցին՝ ընդգծելով, որ Կառավարությունը ստիպված է գնալ ՀՀ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքների սահմանափակման, և սա արվում է ոչ թե՝ քաղաքական, այլ՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, և հիմա փնտրվում է եղանակ այդ նախագիծը նորից ԱԺ-ում ներկայացնելու համար:
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով վերը նշված նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արած դիտարկմանը՝ շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին այնքան զբաղված պետք է լիներ, որ ժամանակ չունենար անգամ ուղիղ եթերներ մտնելու, սակայն նա շարունակում է իր ուղիղ եթերները, որոնք, սակայն, իր վրա որևէ էական ազդեցություն չեն թողնում:
«Այս օրենքը խայտառակություն է: Ինձ մոտ տպավորություն է, որ կորոնավիրուսի բժշկական հետևանքների դեմ պայքարելու փոխարեն՝ որոշել են ժողովրդին դնել մասսայական վերահսկողության տակ: Հետաքրքիր է, որ երեկ Ազգային ժողովում նույն քաղաքական մեծամասնության պատգամավորներն էին անգամ դժգոհում այդ նախագծից, բայց հետո կողմ քվեարկեցին: Անհասկանալի է, թե այս օրենքի նախագիծը զուտ տեխնիկապես ինչպես է կանխելու կորոնավիրուսի տարածումը, որովհետև, եթե անգամ բջջային օպերատորները տրամադրեն պահանջված տեղեկությունը, դա ունենալու է 200-300 մետրի շեղում: Բացի այդ, մարդիկ կսկսեն առանց հեռախոսի տնից դուրս գալ: Հաշվի առնելով այս և այլ տեխնիկական խնդիրներ՝ ես գալիս եմ այն հետևության, որ նպատակ է դրված ընդամենը մարդկանց հեռախոսների մեջ առկա տեղեկատվության հասանելիություն ունենալ: Այնպես որ, եթե ցանկանում են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը երկրում, ապա թող հետևեն իրենց իսկ սահմանած կարանտինային պայմանների լիարժեք կատարմանը»,- ասաց Քոչարյանը:
Խոսելով այս նախագծի ընդունումից հետո պահանջվող գործողությունների մասին՝ Քոչարյանը նշեց, պահանջելու են քաղաքացիներից իրենց հեռախոսների մեջ ներբեռնել մի հավելված, որը շատ նման է Իրանում օգտագործված հավելվածին, որով կարողանում են տեղորոշել մարդուն:
«Բայց անհասկանալի է, թե այդ ծրագիրն ինչ աստիճանի հասանելիություն է ունենալու բոլորիս հեռախոսների համար: Անպատասխան է մնում հարցը՝ իսկ այդ ծրագրով կարողանալո՞ւ են հետևել հեռախոսազանգերի, նամակների բովանդակությանը, այդ ծրագրով արդյո՞ք չեն կարողանալու նայել մեր նկարները»,- մտահոգություններ հայտնեց մեդիափորձագետը:
Անդրադառնալով Կառավարության ղեկավարի այն կոչին, որ պետք է բոլորս լուրջ վերաբերվենք ստեղծված իրավիճակին, Քոչարյանը հակադարձեց, որ լրջանալու նույն կոչն ուղղում է այն Փաշինյանին, որի համար «կորոնավիրուսը ժամանակին ում շունն էր», և այն Առողջապահության նախարարին, որի համար կորոնավիրուսը վտանգավոր չէր:
«Արտակարգ դրության ավարտից հետո Փաշինյանը շատ ծանր հարցերի պետք է պատասխանի, քանի որ ստեղծված իրավիճակի մեջ մեծ մեղքի բաժինն ունեն ինքն ու իր նախարարը: Հիմա չենք քննադատում, բայց որևէ մեկը թող հույս չունենա, թե այս ամեն ինչը մոռացվելու է»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է 10 օրով սահմանափակումները երկարաձգելու մասին իշխանության որոշմանը՝ ապա Քոչարյանը դրա վերաբերյալ հարց հնչեցրեց.
«Էդ ինչո՞ւ պետք է մենք երկու հոգուց ավելի փողոց դուրս չգանք, իսկ իրենք Ազգային ժողովում 130 հոգով հավաքվեն: Եթե բոլորին նստացրել են աշխատելու և սովորելու հեռահար տարբերակի վրա, ապա թող նույնն էլ իրենք անեն: Այն, ինչ պահանջում են ժողովրդից, պետք է իրենք առաջին հերթին դրա համար օրինակ ծառայեն»: