«Կներեք, կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնք թույլ կտան առանց ներխուժելու մարդու անձնական կյանք՝ արդյունավետ գործել». Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ ճեպազրույցում անդրադառնալով երեկ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել, ըստ որի՝ նախատեսվում է հավաքագրել անձանց բջջային խոսակցությունները, ասաց՝ եթե իշխանությունները գնում են նման սահմանափակումների, ապա հստակ ու պարզ բացատրություններ պետք է տրվեն, թե ինչի համար են գնում:
«Երբ Արդարադատության նախարարը խոսում էր նախագծից, ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող ասեն՝ ինչ է եղել, և ինչու են այսպես համառորեն այս օրինագիծը փորձում ընդունել: Այստեղ խնդիրը նաև այն է, որ այստեղ գոյություն ունի նաև արդյունավետության հարց, թե որքանով է դրա կիրառումն արդյունավետ: Այնպես չէ, որ մենք պարզապես ծանոթացել ենք այս նախագծի հետ, շատ խորը ուսումնասիրություններ ենք կատարել, և այն ռեսուրսն ու միտքը, որը դրված է անմիջապես այս օրինագծում, այն չի կարող համապատասխանել այսօրվա իրական մարտահրավերներին: Ենթադրենք՝ սրա նման չէ, բայց ավելի թեթև օրինագիծ լիներ, բայց այդ օրինագիծն էլ նույնիսկ այսօր չի կարելի ընդունել, այն վաղուց պետք է ընդունվեր, մինչև համաճարակի տարածումը: Հիմա այս նախագծի արդյունավետությունը, որպես համաճարակի դեմ պայքարելու մի գործիք՝ շատ ցածր է»,- նշեց պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ նախագծում կան բազմաթիվ կետեր, որոնք իրենց խմբակցությանն առհասարակ չեն գոհացրել: Օրինակ՝ որպես հավաքագրված տվյալների ոչնչացման ժամանակահատված՝ իշխանություններն առաջարկել են մեկ ամիս, մինչդեռ առաջարկ է եղել երեք օրը, այժմ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց մեկ ամիս:
«Կան կարևոր հարցեր, որոնք չփարատվեցին, օրինակ, ինչո՞ւ հիմա բերեցին նախագիծը, ասում են՝ մարդու կյանքի հետ է կապված, բայց կներեք, կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնք թույլ կտան առանց ներխուժելու մարդու անձնական կյանք՝ արդյունավետ գործել»,- նշեց պատգամավորը:
Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Իվետա Տոնոյանի համար էլ տարօրինակ է մարդու իրավունքների մասին նախագիծը նման ընթացակարգով խորհրդարան բերելը, երբ 24 ժամում ստիպված են քննարկել այդ կարևոր նախագիծը:
«Մենք մեր խմբակցության ներուժով, փորձագետներով խորապես այդ նախագիծն ուսումնասիրել ենք և արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ մեզ համար այս օրենքը բացարձակ անընդունելի է, որ այն կոնկրետ մարդու իրավունքների, անձնական կյանքի տիրույթ ներխուժելու ցցուն նախագիծ է»,- շեշտեց պատգամավորը:
Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները նախագծի վերաբերյալ պարբերաբար վկայակոչում են Կորեայի օրինակը, սակայն մոռանում են նշել, որ, երբ նախագիծն այդ երկրում կիրառվում էր, վարակված էր ընդամենը 30 մարդ: Բայց երբ Հայաստաում արդեն կան շուրջ 500 վարակակիրներ, նախագիծը բացարձակ անարդունք և ապարդյուն է:
Նա նաև տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագծին դեմ է քվեարկելու նաև երկրորդ ընթերցման ժամանակ, քանի որ այնտեղ կատարված փոփոխությունները կրում են կոսմետիկ բնույթ: