«Բավական է նայել, թե ինչ է կատարվում ֆինանսական շուկայում. սա արդեն ցույց է տալիս, որ ամեն դեպքում կան լուրջ խնդիրներ». Քաղտեխնոլոգ
«Կառավարման առումով հիմա մենք ամեն դեպքում գործ ունենք կրիզիսային մենեջմենթի հետ, ամեն դեպքում իրավիճակը ծայրահեղ ճգնաժամային է, կասեի՝ նույնիսկ ֆորսմաժորային, և նման դեպքերում պետք է բառացիորեն լինի կրիզիսային մենեջմենթ, շատ դեպքերում՝ նաև «ձեռքով» կառավարում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով հարցին, թե արտակարգ իրավիճակի պայմաններում կառավարումը որքանո՞վ է արդյունավետ:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ նախկինում էլ առանձնապես համակարգային կառավարում չկար, քանի որ, մեղմ ասած, կառավարման համակարգը թույլ էր, և ամեն ինչ, ըստ էության, կենտրոնանում էր մեկ մարդու ձեռքում, որը փորձում էր ամեն ինչ անել. խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է:
«Քանի որ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ խնդիրների երկու հիմնական կլաստեր կա, մեկը՝ առողջապահական խնդիր է, որը կապված է կորոնավիրուսի էպիդեմիայի հետ, մյուսը՝ դրանից բխող և արդեն իսկ զգացնել տվող սոցիալ-տնտեսական կառավարման խնդիրն է: Այստեղ պարզ է, որ կառավարումը պետք է բաժանել երկու մասի, մեկը պետք է զբաղվի առողջապահական խնդիրներով, մյուսը՝ սոցիալ-տնտեսական, նույնիսկ քաղաքական հարցերով, որպեսզի երկիրը կարողանան նախ և առաջ՝ տոտալ կոլապսից ապահովագրել, նաև, որպեսզի այս ամենից նվազագույն կորուստներով կարողանանք դուրս գալ, քանի որ, ի վերջո, այս էպիդեմիան ավարտվելու է»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարումը ճիշտ էր, նույնիսկ այն ուշացած էր, ինչն էլ պայմանավորված էր իրավիճակի գլոբալ և լոկալ ոչ ադեկվատ գնահատմամբ: Իսկ այժմ, երբ մտցվել է արտակարգ դրություն, և կա պարետատուն, որը զբաղվում է զուտ պանդեմիայից բխող խնդիրներով, որն առկա է՝ իրավիճակը քիչ թե շատ հսկվում է, թեպետ ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինչպես դա ներկայացվում է, ճիշտ չէ:
«Բավական է նայել, թե ինչ է կատարվում ֆինանսական շուկայում, սա արդեն ցույց է տալիս, որ ամեն դեպքում կան լուրջ խնդիրներ: Ինչ վերաբերում է մեթոդներին, որով փորձում են մեղմացնել սոցիալ-տնտեսական վիճակը, կարծում եմ՝ այստեղ նույնպես բավականին լուրջ խնդիրներ կան, վստահ չեմ, որ այն մեթոդոլոգիան, որը կիրառվում է և որը ինչ-որ տեղ 2008-2009 թվականի ֆինանսական ճգնաժամի մեթոդոլոգիան է, երբ հիմնականում շեշտը դրվում է բանկերի կայունացման վրա, այսօրվա դրությամբ սա բավական չէ: Դատելով նրանից, թե ինչ են անում աշխարհի մյուս պետություններում, երբ շեշտը հիմնականում դրվում է փոքր և միջին բիզնեսը փրկելու, այլ ոչ թե բանկային համակարգի վրա»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Նա միևնույն ժամանակ նկատեց՝ այս պահին դժվար է ասել, թե կառավարումը որքանով է արդյունավետ, քանի որ չի տիրապետում իրավիճակի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը:
Նրա կարծիքով՝ արտակարգ իրավիճակի ռեժիմը ուշ է հայտարարվել, որն ունի քաղաքական դրդապատճառներ, քանի որ իշխանությունն ավելի շատ մտահոգված էր հանրաքվե անցկացնելով:
«Ի՞նչ տեղեկատվություն ենք ստանում օրվա ընթացքում, ըստ էության օրվա մեջ մեկ անգամ տեղեկանում ենք, թե որքան մարդ է վարակվել կորոնավիրուսով, որքան մարդ է բուժվել և հիվանդանոցից դուրս գրվել, և այլն, մնացածի վերաբերյալ մենք ոչինչ չգիտենք, օրինակ՝ սոցիալ-տնտեսական, ֆինանսական վիճակի մասին, սրանց հետ կապված՝ մենք կարողանում ենք պարզապես եզրակացություն անել անուղղակի գործոններից ելնելով, օրինակ՝ արտարժույթի շուկայում տիրող իրավիճակից, թվերից, և այլն: Սրանից զատ՝ ներկայացվում են ինչ-որ ծրագրեր, որոնք կարծեք թե միանշանակ չեն ընկալվում գործարար միջավայրի, տնտեսագետների կողմից»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հնարավոր վտանգավոր ռիսկերին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ այն ուժերը, ազդեցիկ կենտրոնները, որոնք պանդեմիայի ներկայիս կրիզիսը հրահրել են, և էպիդեմիայն վերածվել է ինֆոդեմիայի, նրանք ունեն լուրջ խնդիրներ աշխարհի և գեոքաղաքական և տնտեսական քարտեզի վերաձևման առումով: Այս ամենի արդյունքում, ըստ նրա, թիրախավորվում է միջին և փոքր բիզնեսը, որտեղ վտանգ կա, որ կուտակված ֆինանսական ռեսուրսների կապիտալի հոսք կլինի դեպի լրջագույն և ազդեցիկ ֆինանսական կենտրոններ: Այսինքն՝ կա մեծ վտանգ, որ կապիտալի և ֆինանսների լուրջ տրանֆորմացիաներ կլինեն:
Այս համատեքստում Հայաստանի պարագայում առաջին հերթին թիրախավորված է ամենախոցելին՝ փոքր և միջին բիզնեսը, և այժմ, ընդամենը մեկ-երկու շաբաթվա ընթացքում զգացվում է, որ ոչ բոլոր փոքր և միջին ձեռնարկություններն են ի վիճակի լինելու պահպանելու իրենց հիմնարկները:
«Պարզ է, որ, եթե այս ամենն այսպես շարունակվի, եթե երկիրը նախ և առաջ չկարողանա դուրս գալ այս էպիդեմիական վիճակից, որից բխում է նաև երկրի տնտեսության կանգ առնելը, ապա մենք բավականին լուրջ քանակի գործազուրկներ կունենանք՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: Առաջին օրերի ցնցումները ցույց տվեցին, որ պետությունն օրավարձով աշխատող անձանց չի ուզում «տիրություն» անել: Կարծում եմ՝ տնտեսական և սոցիալ-տնտեսական դիրքերի թուլացումը մեր դիրքերը թուլացնելու են նաև քաղաքականության ոլորտում, նկատի ունեմ տարածաշրջանային քաղաքականության, աշխարհաքաղաքական հարցերում, թեպետ այն առանձնապես մեծ էլ չէր:
Ընդհանուր առմամբ, ասում են, որ մեծ կոլապսներից հետո, ինչպիսին, որ պանդեմիան է, որն ազդում է համաշխարհային տնտեսական և ֆինանսական շուկայի վրա և բերում է վերաձևավորումների, նման պայմաններում, երբ բոլոր կողմերը չեն կարողանում լեզու գտնել, ապա սա հետագայում վերածվում է ռեալ պատերազմների: Այս պայմաններում մենք, իհարկե, շատ աչալուրջ պետք է լինենք, որովհետև խնդիրն այստեղ հիմա մեր ու Ադրբեջանի միջև Արցախի պատերազմի վտանգի մասին չէ, այլ ընդհանուր հնարավոր սրացումների, որում կարող է մասնաբաժին ունենալ նաև Հայաստանը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: