Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները ընտրություններին բնակչության առողջության պահպանման համար․ Բակո Սահակյանն Արցախի ԱԱԾ-ում խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Խորհրդակցությանը արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար:
Նախագահ Սահակյանը կարևորել է իրենց լիազորությունների շրջանակում ազգային անվտանգության ծառայողների ակտիվ մասնակցությունը նշված խնդիրների լուծման գործում: