Բաժիններ՝

Կա կորոնավիրուսով վարակված 84 մարդ, 444 մարդ մեկուսացված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արդեն կա կորոնավիրուսով ախտորոշված 84 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք հաստատված 84 դեպք: Բայց այդ 84 դեպքն ունի շատ կարևոր առանձնահատկություններ և մինչև այժմ մեր պայքարի մեթոդի մասին որոշակի հետևություն անելու հնարավորություն է տալիս: Դեպքերի 81%-ն արտադրամասի և Էջմիածնի դեպքն է և, ըստ էության, վերջին ախտորոշվածների խմբի մեջ 99%-ը արտադրամասի դեպքերն են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով վիրուսի պայքարի առանձնահատկությունների մասին՝ վարչապետն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով ախտորոշված առաջին դեպքի տարածումը դադարեցված է: Ինչ վերաբերում է Էջմիածնի դեպքին, ապա դրա շրջանակը մեկուսացրել են ու դանդաղեցրել այդ պրոցեսը:

«Արտադրամասի» դեպքի առթիվ վարչապետն ասաց. «հիմա մենք ըստ էության գտնվում ենք արտադրամասի ճյուղի զարգացման հետևից վազքի փուլում և հույս ունենք, որ այդ ուղղությունը նույնպես էֆեկտիվ կլինի»:

Ըստ վարչապետի, եթե Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիները հետևեին իրենց կոչերին, ապա նման զարգացում չէր լինի:

Նրա խոսքով՝ Էջմիածնի և «արտադրամասի» ճյուղերի զարգացման պատճառն այն է, որ մարդիկ, ովքեր եղել են հսկողության տակ, հրահանգներին չեն հետևել:

«Այս պահի դրությամբ մենք ունենք 700 մեկուսացված անձ և ունենք նաև որոշակի պոտենցիալ մեկուսացումը շարունակելու, բայց նաև պետք է հասկանանք, որ, եթե մեկուսացման անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն կդառնա անիմաստ: Բայց առայժմ աշխատում ենք այդ սցենարով, այդ ռազմավարությամբ, մեկուսացման ռազմավարությամբ, և հույս ունենք, որ, իհարկե մի փոքր այլ ծավալներով, բայց Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կգտնվի Էջմիածնի և արտադրամասի ուղղությունների դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, հետո արդեն հստակեցնելով, որ այս պահին կա  444մեկուսացված մարդ, իսկ 799 հոգու հորդորել են ինքնամեկուսանալ:

Վարչապետի խոսքով՝ եթե այդ երեք խմբի դեպքերը հանվեն ցանկից, ապա մնացած դեպքերը լոկալ դեպքեր են: Չարենցավանի դեպքում, օրինակ, քաղաքացիները որևէ մեկի հետ չեն շփվել:

Ն. Փաշինյանը նաև ասաց, որ կորոնավիրուսով ախտորոշված քաղաքացիներից երկուսն ունեն թոքաբորբ, երկուսի վիճակն էլ լավ է,26հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, և ընդամենը 6 հոգի ունեն 38 և բարձր ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չկա:

«Մեր 84 ախտորոշված դեպքերի մեծ մասը, մոտավորապես՝17 հոգին չէր լինի, եթե մեր Առողջապահության նախարարությունը էսպես ջանքեր չգործադրեր: Եվ կարևոր է արձանագրել, որ այս  ընթացքում մենք 700-ից ավելի թեստավորում ենք արել: 17 դեպքն ընդհանրապես ոչ մի բողոք, ոչ մի գանգատ չի ունեցել, և, ինչպես տեսաք,արդեն ավելի քան 60 դեպքից ավելի՝ մոտ 62-63 քաղաքացի, այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն: Ընդհանուր առմամբ, եթե մենք էս մեր սցենարը նայենք, կորոնավիրուսը, ըստ էության, մեզ համար անցնում է շատ թեթև սցենարով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով հաճախակի  ջերմաչափումներ անել և ջերմություն ունենալու դեպքում ինքնամեկուսանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս