Իշխանության հանցավոր անգործության հետևանքները

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հասարակության շրջանում կրկին ակտիվացել են խուճապային տրամադրությունները։ Որքան իշխանության բոլոր ներկայացուցիչները, առանձին-առանձին և միասին վերցրած, կոչ են անում խուճապի չմատնվել, այնքան քաղաքացիների մոտ խուճապն ավելանում է։ Բայց մեղադրել քաղաքացիներին այդ հարցում առնվազն ազնիվ չի լինի, քանի որ մարդկանց շրջանում միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն գերակշռում է այն տեսակետը, որ պետությունն անհրաժեշտ ու համարժեք քայլեր չի ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը սահմանափակում էր ու սահմանափակում է ավիահաղորդակցությունը վարակակիր գոտիների երկրների հետ, Հայաստանում շարունակում էին ու դեռևս շարունակում են հրճվանքով դիմավորել Իտալիայից ժամանող ինքնաթիռները։ Հասկանալի է, որ դրանցով Հայաստան են վերադառնում մեր քաղաքացիները, սակայն այդ ճգնաժամային չվերթերը պետք էր կազմակերպել ոչ թե այն բանից հետո, երբ Իտալիան դարձավ ամենավարակակիր երկրներից մեկը, այլ՝ առնվազն օրեր, շաբաթներ առաջ։ Դա չարվեց։ Չարդարացան նաև իռացիոնալ այն հույսերը, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը։

Երբ ամբողջ աշխարհում հայտարարվում էր, կոչ էր արվում սահմանափակել զանգվածային միջոցառումները, ՀՀ վարչապետը հայտարարեց «Այո» քարոզարշավի մեկնարկի մասին, ու ոչ թե՝ մյուս երկրների նման, արտակարգ ռեժիմ սահմանեց կառավարությունում, այլև՝ ինքն ու մի շարք նախարարներ մեկնեցին արձակուրդ՝ քարոզարշավ անելու համար:

Քաղաքացիները տեսնում են այս ամենը, մարդիկ հետևում են համաշխարհային լրահոսին, տեսնում են, թե ինչպես են աշխարհի լուրջ պետությունները խիստ միջոցներ ձեռնարկում համաճարակի կանխարգելման համար, և դա համեմատում են սեփական երկրի իշխանության անլուրջ, անհամարժեք մոտեցումների հետ։ Նաև կամ առավելապես դա է խուճապի առաջացման հիմնական աղբյուրը։

Իշխանության նկատմամբ վստահությունը, որով այդքան սիրում են հպարտանալ գործող իշխանությունները, չի չափվում միայն ընտրությունների ժամանակ իշխանությանը տրված քվեների քանակով։ Իշխանության նկատմամբ վստահությունը համընդգրկուն, համալիր հասկացություն է, որն արտահայտվում է նաև այն իրողությամբ, թե որքանով են քաղաքացիները վստահ, որ ճգնաժամային պայմաններում իշխանությունը ձեռնարկում է անհրաժեշտ ու համարժեք միջոցներ։ Այդ իմաստով գործող իշխանության նկատմամբ վստահությունը վերջին շաբաթներին հավասարվել է զրոյի, ինչը, մեծ հավանականությամբ, ունենալու է նաև քաղաքական հետևանքներ։ Ինչով էր պայմանավորված իշխանության նման անլրջությունն ու ոչ կոմպետենտությունը քաղաքացիների առողջությանն ու կյանքին վերաբերող այս հարցում, դժվար է միանշանակ ասել։

Հնարավոր է՝ պատճառն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն չհետաձգելու՝ իշխանության ցանկությունն էր, բացառված չէ, որ իշխանությունն իսկապես առաջնորդվում էր ու է ոչ թե՝ համապատասխան մասնագիտական երաշխավորություններով, այլ՝ իռացիոնալ հույսով կամ հավատով, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը, գուցե կան այլ պատճառներ։ Բայց անկախ պատճառներից, ստեղծված իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որքան էլ վերջինիս ներկայացուցիչները, հատկապես վերջին օրերին, ավելի ու ավելի շատ են խոսում քաղաքացիների անձնական պատասխանատվության մասին։

Մնում է հույս ունենալ, որ գոնե վերջին օրերի դեպքերը կսթափեցնեն իշխանությանը, և կձեռնարկվեն համարժեք քայլեր իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Մնում է հուսալ նաև, որ դա կլինի «լավ է ուշ, քան երբեք» պարագան, և ոչ թե՝ «ուշից ավելի ուշ» անդառնալիությունը։

Տեսանյութեր

Լրահոս