ԱՄՆ 75 կոնգրեսական պահանջել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին
Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցության հետ կապված նշվում է, որ այն պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքների համար: Հայաստանի համար նշված 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:
Նամակում կոչ է արվում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ: