«Այս պահին որևէ արտառոց խնդիր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որպես այդպիսին, մենք չունենք». ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 47 անդամ երկրների ներկայացուցիչները մարտի 3-5-ը հանդիպելու էին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը և վիճակը ստուգելու համար:
Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ ԵԽ-ն, ուսումնասիրելով Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակը, մասնավորապես անդրադառնալու է երկու գործի՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի»:
Հիշեցնենք, որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործը, որին զուգահեռ՝ ՄԻԵԴ-ում քննվում էր նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը, վերաբերում է ադրբեջանցի 6 փախստականի, ովքեր, ինչպես նշում է ՄԻԵԴ-ը, չեն կարողացել վերադառնալ Լաչինում գտնվող իրենց սեփականությունները, որտեղից ստիպված են եղել փախչել 1992թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ ՄԻԵԴ-ը գտել էր, որ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պահպանում), 8-րդ հոդվածի (սեփականության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։
ՄԻԵԴ-ը «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ին պարտավորեցրել էր 6 անձանց 3 ամսվա ընթացքում վճարել 5000-ական եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար:
«Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որի հիմքում խոշտանգման փաստն էր դրված, ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել էր 3 ամսվա ընթացքում վճարել 25.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 6000 եվրո՝ դատական ծախսերի և ծախսերի փոխհատուցման համար:
168.am-ը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված Նախարարների կոմիտեում այս հարցերի քննարկումը, կա՞ն արդյոք ժամկետային խնդիրներ ու ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:
«Նախարարների կոմիտե գործերը ներկայացվում են ըստ ժամանակային պլանի, ժամկետի խնդիր չկա, դա նորմալ ընթացակարգն է: Ցանկացած գործ, որը պետք է անցնի in hence ընթացակարգով, որն ավելի բարդացված ընթացակարգ է, ինչը կապված է գործի բարդության, խնդիրների բարդության հետ, անդամ պետության կողմից ներկայացվում է գործողությունների ծրագիր, որտեղ հիմնականում նշվում են կոնկրետ վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցառումները, եթե կան ընդհանուր միջոցառումներ, այդ մասին է նշվում: Այսինքն՝ այս պրոցեսը նորմալ ընթացակարգ է, որը պահպանվում է պետության կողմից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիպարիտ Դրմեյանը:
Ինչ վերաբերում է Նախարարների կոմիտեում քննվող «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի, ապա ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը չպետք է տարանջատել:
Տեղեկացնենք, որ Նախարարների կոմիտեն այսօր անդրադառնալու է նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի կատարմանը, որով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30.000 եվրո՝ դատական ծախսերի համար։
«Սրանք զուգահեռ տարվող գործեր են և Նախարարների կոմիտեն ուշադրությամբ հետևում է անպայմանորեն երկու երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Նախորդ դեկտեմբերին վճռի կատարման մասով հարցը հետաձգվել է, այս պահին դրված է քննարկման: Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի որոշում կընդունվի. միգուցե հետաձգվի, որովհետև նմանատիպ գործերն իրենցից ենթադրում են վճիռների կատարման բարդ ընթացակարգ: Սրանք իրենց էությամբ միջպետական գործեր են, և այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ վճիռներ, որոնք տասնամյակներ շարունակ գտնվում են կատարման փուլում: Այս պահին որևէ արտառոց խնդիր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որպես այդպիսին, մենք չունենք»,- ասաց գրասենյակի ղեկավարը՝ նշելով, որ այստեղ կարևորը շարունակականության ապահովումն է:
Ինչ վերաբերում է «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործին, ապա Լիպարիտ Դրմեյանի դիտարկմամբ՝ իրենք գործողությունների ծրագիրն ամբողջությամբ ուղարկել են Նախարարների կոմիտե:
«Ծրագիրը բավականին ծավալուն է, այն գործողությունները, որոնք կատարվել են ի կատարումն ՄԻԵԴ-ի վճռի… Գործը վերաբացվել է, վերաբացումից հետո քննություն է իրականացվել, ուղարկվել է դատարան, այնտեղ կար վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործի կարճման խնդիր, բայց այս պահին ներպետական համակարգում բողոքարկում է տեղի ունեցել դատախազի կողմից, և գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում քննության փուլում»,- ասաց Լ. Դրմեյանը՝ վստահեցնելով, որ այս դեպքում ևս անհանգստության խնդիր չունենք:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի դիտարկմամբ՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ այն եզակի պետություններից է, որի մասին չկա որևէ արձանագրում, որ որևէ վճիռ չի կատարել:
«Մենք բոլոր վճիռներով ունենք կատարում՝ անհատական միջոցների և ընդհանուր միջոցների մասով: Փակված գործերը թվով 72-ն են: Մնացած գործերը, որոնց մենք անվանում ենք, այսպես կոչված, չկատարված վճիռներ, դրանք բոլորն ընթացքում գտնվող վճիռներ են, ընթացքում գտնվող գործեր են, այսինքն՝ դրանցով կան վերաբացումներ, պետք է անցնի ժամանակ՝ հասկանալու համար՝ վերաբացման արդյունքում ի՞նչ արդյունք ունենք, ո՞ւր է հասել այդ գործը: Այսինքն՝ բոլոր մնացած վճիռներով մենք ունենք կատարման փուլում գտնվող գործընթաց: Սրանք ընթացիկ վիճակներ են»,- ասաց Դրմեյանը:
ՄԻԵԴ-ը 2007 թվականից մինչ այսօր ՀՀ-ի դեմ կայացրել է 123 որոշում, որոնցով հիմնականում արձանագրել է իրավունքի խախտում: ՄԻԵԴ-ի դիմումատուներն ընդհանուր առմամբ ներկայացրել են ՀՀ-ի դեմ շուրջ 28 միլիոն եվրոյի պահանջ: Այսինքն՝ քաղաքացիներն ակնկալել են, որ այդքանով պետք է բավարարվի իրենց պահանջներն ընդդեմ պետության: Լիպարիտ Դրմեյանի դիտարկմամբ՝ Եվրոպական դատարանը, հիմնվելով ներկայացված ապացույցների վրա, հիմք ընդունելով նաև իր պրակտիկան ոչ նյութական վնասի մասով, հատուցումը սահմանափակել է ընդամենը 3,8 միլիոն եվրոյի մասով:
Ըստ նրա՝ քաղաքացիների և իրավապաշտպանությամբ զբաղվող մարդկանց մոտ կա տպավորություն, որ ոչ նյութական վնասն ահռելի գումար է, և դա պետք է անպայմանորեն հատուցվի պետության կողմից՝ հաշվի չառնելով ՄԻԵԴ-ի պրակտիկան: Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ակնկալվող ոչ նյութական վնասը և ՄԻԵԴ-ի կողմից դիտվող ոչ նյութական վնասն էականորեն իրարից տարբերվում են, և ՄԻԵԴ-ի կողմից դիտարկվող ոչ նյութական վնասն էականորեն ավելի նվազ է, քան այն, ինչ քաղաքացիներն են պատկերացնում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում