«Խնդիրներ են առաջանում, երբ Թուրքիան հավակնություններ է ցուցաբերում Արցախի հարցում ավելի մեծ դեր ունենալու համար». Միքայել Զոլյան
Մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպումից հետո նա թվիթերյան իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն անդրադառնալով այս հանդիպմանը՝ նշեց, որ հանդիպման հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է, որի հետ լիովին համաձայն է և այդ առումով ավելացնելու որևէ բան չունի:
«Ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել Մինսկի խմբի ցանկացած անդամի հետ: Նման հանդիպումներ նախկինում էլ են եղել և եղել են այլ անդամների հետ ևս, այստեղ որևէ խնդիր չկա: Խնդիրներ են առաջանում այնտեղ, երբ Թուրքիան հավակնություններ է ցուցաբերում Արցախի հարցում ավելի մեծ դեր ունենալու համար: Բոլորն էլ ակնհայտորեն գիտեն, որ Թուրքիան աջակցում է կողմերից մեկին, հետևաբար՝ այդ գործընթացի մեջ որևէ դերակատարում չի կարող ունենալ, ինչը, կարծում եմ, ակնհայտ է նաև միջազգային հանրությանը»,- նշեց Միքայել Զոլյանը:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ մասնավորապես գրել էր. «Մևլութ Չավուշօղլուի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»»:
Նրա խոսքով՝ նման հանդիպումներից պետք չէ հետևություններ անել, որ Թուրքիան կարող է դերակատարում ունենալ Արցախի հարցի լուծման գործընթացում. նման բան չի կարող տեղի ունենալ:
Ըստ նրա՝ նման հանդիպումները չեն կարող նաև որոշակի հետևանքներ ունենալ Արցախի հարցի լուծման համար, քանի որ այն լուծելու են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը:
«Ըստ էության այսօր Թուրքիան ռեսուրս էլ չունի, որ փորձի ինչ-որ ազդեցություն ունենալ Արցախի հարցի կարգավորման վրա, հաշվի առնելով այն իրավիճակը, որում Թուրքիան հայտնվել է՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված»,- շեշտեց իշխանական խմբակցության պատգամավորը:
Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և տարածաշրջանի վրա դրանց անդրադարձին, Միքայել Զոլյանը նշեց, որ Սիրիայում տարիներ ի վեր իրավիճակը լարված է, այսօր միակ տարբերությունն այն է, որ Թուրքիան բացահայտ ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում:
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, թե՛ սիրիահայ համայնքի անվտանգության տեսակետից, թե՛ տարածաշրջանային զարգացումների տեսակետից: Այստեղ մեզ համար կարևորն այն է, որ պետք է ուշադիր լինենք՝ Արցախի հետ կապված, որպեսզի այս խառն իրավիճակից որևէ մեկը չփորձի օգտվել»,- ընդգծեց Միքայել Զոլյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում