«Միանշանակ կարող եմ ասել, որ ոստիկանությունում կադրային ջարդ չի լինելու». ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայան

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործունեության ծրագիրը, որի հիմնական խնդիրը ներքին գործերի նախարարության ստեղծումն է: Ծրագրով նախատեսվում է նաև ոստիկանությանը նախաքննության որոշ գործառույթներ տրամադրելը, պարեկային ծառայության աշխատակիցների համար նոր չափանիշեր սահմանելը, ոստիկանության զորքերի ապառազմականացումը, և այլն:

Ոստիկանության բարեփոխումներին նվիրված քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանն ասաց, որ սպասվող փոփոխությունների արդյունքում ոստիկանության աշխատակիցների կադրային ջարդ պետք չէ սպասել:

«Գործընթացը շատ սահուն է լինելու և մաքսիմալ արվելու է ամեն ինչ, որ այն կադրերը, ովքեր այսօր աշխատում են այդ ծառայություններում, մնան և աշխատեն նոր ստեղծվող պարեկային ծառայությունում: Միանշանակ կարող եմ ասել, որ ձեր բնորոշած ջարդը չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, բոլորը կմնան և կաշխատեն՝ անկախ նրանց ով լինելուց: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր դուրս կմնան, ապա նրանք կտեղավորվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններում և կշարունակեն իրենց ծառայությունը»,- ասաց Ոստիկանության պետի տեղակալը:

Տիգրան Եսայանի խոսքով՝ պարեկային ծառայությունը լինելու է նոր ձևավորվող մարմին, հետևաբար՝ նրա աշխատակիցների համար պետք է սահմանվեն նոր չափանիշեր:

Ոստիկանության պետի տեղակալը լրագրողների հետ զրույցում նաև անդրադարձավ իրավապաշտպանների պնդումներին, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանները երբեմն խնդրահարույց վարքագիծ են ցուցաբերել: Ըստ Եսայանի՝ դա ոչ թե օրենքի բաց է, այլ ոստիկանի սուբյեկտիվ վերաբերմունքի դրսևորում:

«Հասարակական կարգի պահպանության, այդ թվում՝ զանգվածային միջոցառումները սպասարկելու ժամանակ, եթե ինչ-որ խախտումներ են եղել, և նման բաներ են արձանագրվել, դրանք ավելի շատ եղել են սուբյեկտիվ բնույթի դրսևորումներ, քան օրենքի բաց»,- ասաց Տիգրան Եսայանը:

Անդրադառնալով նախագծով սահմանվող ոստիկանական զորքերի ապառազմականացմանը, ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ նախագծով առաջարկվում է, որ այդ զորքերում ներգրավված ոստիկանները զբաղվեն ոստիկանությանն ավելի բնորոշ ֆունկցիաների իրականացմամբ, այսինքն՝ իրականացնեն, օրինակ, հասարակական կարգի պահպանություն, կարևորագույն օբյեկտների պահպանություն:

Անդրադառնալով ոստիկանությանը նախաքննական գործառույթներով օժտելու հարցին՝ Տիգրան Եսայանն ասաց, որ Ոստիկանությունն այսօր աշխատում է երկու ուղղությամբ, իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն և հետաքննություն:

«Հետաքննության հետ կապված՝ այսօր նոր օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված է, որ այդ ինստիտուտը պիտի ՀՀ-ում չլինի ու պիտի փոխարինվի նոր ինստիտուտով: Մենք ողջունում ենք ոստիկանությանը նախաքննության իրավունքով օժտելու մասին առաջարկությունը: Խոսքը դեդեկտիվների ինստիտուտի մասին է, որտեղ պիտի համակցեն մի անձի օպերատիվ և քննչական ֆունկցիաները, որը կնպաստի հանցագործությունների ավելի արագ ու տաք հետքերով բացահայտմանը»,- հավելեց Տիգրան Եսայանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս