«Վտանգ կա, որ ռուսական զինուժը կարող է մուտք գործել Ղարաբաղ»
Հարցազրույց վրացագետ, ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի հետ
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման աղմկահարույց դեպքին ու դրանից հետո տեղի ունեցած քաղաքական-տարածաշրջանային զարգացումներին, նաև Վրաստանի դիրքորոշմանն այս հարցի նկատմամբ:
– Ես կարծում եմ` ամեն ինչ կախված է նրանից, թե արձագանքները որ կողմից են գալիս, որոշակի նշանակություն ունի նաև արձագանքների հաճախականությունը և տոնայնությունը: Սկզբից ևեթ պարզ էր, որ տարբեր երկրների ու պետական-քաղաքական օղակների վերաբերմունքը նմանօրինակ լինել չէր կարող: Ցավոք, մեր մամուլն ուշադրություն դարձրեց միայն դատապարտող արձագանքներին, սակայն շատ ճիշտ կլիներ, որ մենք ելնեինք նաև հակառակ իրողություններից, որոնք ակնհայտ են: Այն մասին, որ Սաֆարովի արտահանձնման մասին շատերին է նախօրոք հայտնի եղել, որևէ կասկած լինել չի կարող:
Եթե հունգարահայ համայնքը դեռ օգոստոսի 20-ին այդ մասին տեղեկացրել է մեր Արտգործնախարարությանը, ապա Բուդապեշտում գործող տարբեր երկրների հատուկ ծառայություններին դա պետք է հայտնի լիներ շատ ավելի վաղ: Խնդիրն այն է, թե ինչպես էին այդ ամենին պատրաստվել զանազան շահագրգիռ ուժերը, ինչպես էին արձագանքելու սպասվող իրադարձություններին, և յուրաքանչյուրն ինչպես էր օգտվելու այդ սարսափելի միջադեպից: Ադրբեջանի քայլի հետևանքները նախապես լիովին հաշվարկված չէին, կամ էլ այդ երկրի ղեկավարությունը փաստորեն մեծ ռիսկի դիմեց` առաջին հերթին ելնելով իր ներքաղաքական ծրագրերից:
Մինչդեռ շատ ավելի մեծ կենսափորձ ունեցող Թուրքիայի արձագանքը ցույց տվեց, որ «ավագ եղբայրն» ամենևին էլ պատրաստ չէր այդպիսի հապճեպ քայլի: Այս առումով` խիստ ուշագրավ էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արձագանքը: Ցավոք, այն ուժերը, որոնք Հայաստանում ներկայացնում են Ռուսաստանի շահերը, միանգամից փորձեցին ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության առաջին օրերի լռությունը բացատրել և արդարացնել: Մինչդեռ դրա կարիքն ամենևին էլ չկար, որովհետև Ռուսաստանի արտգործնախարարությունն ինքը հիանալի գիտի` ինչ է անում:
Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի հայ համայնքը դիմեր ՌԴ արտգործնախարարությանը, որպեսզի վերջինս նոր միայն հանդես գար Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայտարարությամբ: Եթե ԱՄՆ-ը կայծակնային արագությամբ արձագանքեց, ուրեմն ամերիկացիները մշակել էին իրենց գոծողությունների ծրագիրը և գործում էին որոշակի տրամաբանությամբ: Ռուսաստանը նույնպես, անշուշտ, ամեն ինչին և տեղյակ էր, և միաժամանակ ուներ իր նկատառումները:
Երկու կողմի հասցեին էլ մեր մամուլում հնչեցին մեղադրանքներ, թե նրանք փորձելու են իրադրության լարվածությունը ծառայեցնել իրենց անմիջական շահերին: Իսկ ուրիշ ի՞նչ կերպ կարող էր լինել: Այս համատեքստում ինչ-որ առումով ուշագրավ պետք է համարել մեր անմիջական հարևանի` Վրաստանի արձագանքը: Եվ անսպասելի չէր, որ Վրաստանում մամուլի բոլոր օրգանները, առաջին հերթին` ինտերնետային լրատվամիջոցները, շատ օպերատիվորեն ներկայացրեցին այս իրադարձությունը: Վրաստանն իր վերաբերմունքը դրսևորեց արտգործնախարարի մակարդակով:
Վերլուծաբանները ևս նշեցին, որ իրադրության սրումը չի համապատասխանում Վրաստանի շահերին: Վրաստանի երկյուղը միանգամայն հասկանալի էր, ռուսական միջամտությունը կարող էր լինել շատ կոպիտ և կոշտ: Վրաստանը բնական ռեսուրսներ չունի, կյանքը ցույց տվեց, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական գործողությունների կասեցումն առհասարակ նրա համար անլուծելի խնդիր է: Վտանգ կա, որ ռուսական զինուժը կարող է մուտք գործել Ղարաբաղ` ոչ մի կերպ հաշվի չառնելով Վրաստանի շահերը:
Եվ քանի որ Վրաստանում առանց այդ էլ ներքաղաքական դրությունը լարված է, և առհասարակ ԱՄՆ-ը ևս մոտ ապագայում դժվար թե կտրուկ քայլերի դիմի Կովկասում, կարելի էր ենթադրել, որ Վրաստանն առաջին հերթին պետք է անհանգստանար: Ոչ պակաս կարևոր էր նաև ոչ թե քաղաքական շրջանակների, այլ սովորական քաղաքացիների գնահատականը: Ես ուշադիր նայել եմ կարծիքները, որոնք արտահայտվում են ֆորումներում, և կարող եմ ասել, որ Ռամիլ Սաֆարովի նկատմամբ համակրանքի որևէ ցույց, իհարկե, չկար, բայց մյուս կողմից` վրացական մամուլն ավելի մեծ չափով շրջանառության մեջ դրեց Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, քան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության պատասխան հայտարարությունը:
Այստեղ հարցը վերաբերում է նրբերանգներին. սովորական քաղաքացու գիտակցության մեջ Ադրբեջանն ակնհայտ գերադասելի էր, և հայերի ու Հայաստանի հասցեին բավականաչափ կոպիտ արտահայտություններ էին հնչեցվում: Եվ ամենակարևորը` Վրաստանի ընդդիմությունը, որը, թվում է, թե նախընտրական շահերից ելնելով` պետք է հստակ դիրքորոշում արտահայտեր, բացարձակ լռության մատնեց այս անցուդարձերը: Սաֆարովի միջադեպն ինչ-որ առումով ջրբաժան դարձավ: Թվում է, թե Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ թևակոխում է նոր փուլ, որը նշանավորվելու է ռազմաշունչ հայտարարություններով և պատերազմական հռետորաբանությամբ, և բավական ջանքեր կպահանջվեն, որպեսզի ավանդական ձևաչափերով բանակցությունները, որոնք ընթանում էին Բաքվի և Երևանի միջև, վերականգնվեն:
– Փաստորեն, Վրաստանի արտգործնախարարի կողմից Հայաստանին և Ադրբեջանին այս հարցում հավասար հարթության վրա դնելը Վրաստանում հակահայկականության և ադրբեջանամետության դրսևորումների՞ց է:
– Ես հարցադրումն այսպես կկատարեի. ինչո՞վ է պայմանավորված Վրաստանի ավանդական դիրքորոշումը ոչ միայն Հայկական հարցի, այլ նաև մեր ժողովրդի նկատմամբ: Այստեղ շեշտադրումները պետք է հստակ լինեն, որովհետև պատրանքները, որոնք այս բնագավառում Հայաստանում գոյություն ունեն, անչափ հեռու են իրականությունից: Մեր ավանդական մոտեցումներում ընդգծումները կատարվում են հայ-վրացական ընդհանրությունների վրա: Առաջին հայացքից իրոք այդպես է. պատմական նմանատիպ ճակատագիր, երկու ժողովուրդներն էլ հնագույն քրիստոնյա էթնոսներն են Կովկասում, թվում է` նաև կան կենցաղային ընդհանրություններ:
Բայց այս դեպքում, որպեսզի մենք երևույթների խորքը գնանք, պետք է ընդգծենք ոչ թե նմանությունները, այլ ընդհակառակը` տարբերությունները: Երբ հայ-վրացական երկխոսություն է ընթանում, հայկական կողմը միշտ շեշտը դնում է ընդհանրությունների վրա, մինչդեռ այս ընդհանրություններն էլ ունեն իրենց կնճիռները, այստեղ էլ կան դժվարություններ, որոնց մասին Հայաստանում տեղյակ չեն:
Օրինակ` շատ են սիրում մեջբերել և ընդօրինակելի նմուշ դարձնել Հայոսի և Քարթլոսի բարեկամությունը, բայց հայկական կողմը դույզն-իսկ կասկածներ չունի, որ դա առաջ է բերում վրացական կողմի բացասական արձագանքը: Եթե Հայաստանում քչերն են կարդացել Վրաստանի պատմության միջնադարյան ձեռնարկը` Քարթլիս ցխովրեբան, ապա յուրաքանչյուր վրացու այն քաջահայտ է: Հայոսը և Քարթլոսը ոչ թե սոսկ եղբայրներ են, այլ Հայոսը, ըստ առասպելի, ավագ եղբայրն է, ում բաժին է հասնում հայրական ժառանգության կեսը, և մնացած մասը միայն բաժանվում է մյուս 7 եղբայրների միջև:
Քարթլիս ցխովրեբան նաև պնդում է, որ Վրաստանում առաջին լեզուն, որով խոսել են, եղել է հայերենը: Հասկանալի է, որ վրացական ազգային տեսակետը ողջ ուժով ըմբոստանում է նման մեկնաբանության դեմ: Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ քարոզչական այս շտամպը վաղուց իրեն սպառել է: Սա ընդամենը մեկ օրինակ է, որպեսզի մենք փորձենք թափանցել խնդրի խորքը, և ընդունենք, որ Հայաստանն ու Վրաստանը Հարավային Կովկասում առաջատար դառնալու խնդիր ունեն:
Ընդ որում, այս առումով նրանք ավելի շատ շեշտը դնում են իրենց շահերի բախման վրա, մինչդեռ ճիշտ կլիներ ելնել նաև մերօրյա իրողություններից` Ադրբեջանի ռազմական ու տնտեսական հզորությանը համատեղ դիմակայելու հրամայականից:
– Պարոն Մարգարյան, Սաֆարովի արտահանձնումից հետո գլխավոր հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից հրաժարվելը, ինչին քաղաքական ուժերի և գործիչների մի մասը կողմ է արտահայտվում, իսկ մյուս մասը` դեմ: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:
– Քանի որ միջադեպն իրոք որ ցնցող էր, կարծիքների լայն սպեկտր գոյություն ունի: Որոշ ժամանակ անց ամեն ինչ կհանդարտվի, և, ինձ թվում է` նախկին ձևաչափով բանակցությունները կշարունակվեն: Ճիշտ է, թվում է, թե շրջադարձ տեղի ունեցավ, Ադրբեջանը, փաստորեն, ընտրեց ռազմական ճանապարհը, բայց այդ երկրի ղեկավարությունն այդչափ կարճատես չէ, որպեսզի գնա ռազմական դիմակայության ճանապարհով:
Ըստ էության` պատերազմական հռետորաբանության մեջ Ալիևի վարչակարգն այնքան է հմտացել և հասարակական գիտակցության հետ այնքան նուրբ մանիպուլյացիաներ է անում, որ դեռևս խուսանավելու հնարավորություն պահպանել է: Նա կարող է անընդհատ ուժգնացնել այդ հռետորաբանությունը, սակայն մյուս կողմից` կարելի է չկասկածել, որ Իլհամ Ալիևը բացարձակ ռազմական ներխուժման ճանապարհով չի գնալու` ելնելով առաջին հերթին` սեփական և նաև` երկիրը կառավարող կլանային ուժերի շահերից: Իսկ յուրօրինակ պատերազմը, որն Ադրբեջանը կիրականացնի հայտարարությունների, սպառնալիքների տեսքով, անշուշտ, շարունակվելու է: Հնարավոր է` նույնիսկ Ադրբեջանում էլ Ալիևի այդ քայլերին առանձնապես ուշադրություն չեն դարձնում:
– Իսկ արդյոք իմաստ ունի՞ հատկապես այս շրջադարձից հետո շարունակել բանակցությունները մի ձևաչափում, որը 20 տարիների ընթացքում ոչ մի օգուտ չի բերել հարցի լուծմանը:
– Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույն ճանապարհով շարունակում են ընթանալ շատ երկար ժամանակ: Այստեղ որևէ մեկի ցանկությամբ կամ արդյունքների բացակայությամբ չէ, որ փոխվում է ձևաչափը: Առավել կարևոր դեր են խաղում կոնկրետ հաշվարկները և կայուն շահերը: Իսկ ինչո՞ւ չպետք է կարծել, որ այդ բանակցությունները կարող են շարունակվել ևս 20 տարի, ի՞նչն է խանգարում, որպեսզի այս նույն հաճախականությամբ, որոշակի աշխուժացումով և դանդաղեցումով այս բանակցություններն ընթանան: Էական շրջադարձ տեղի ունենալու համար պետք է երկրներից որևէ մեկում կամ միջազգային ասպարեզում շեշտակի շրջադարձեր տեղի ունենան:
Հայաստանում քաղաքական համակարգը կայուն է: Այդպիսի վտանգ կարող է լինել Ադրբեջանում, որտեղ գործող ռեժիմը նավթային եկամուտների աստիճանական կրճատման պարագայում լուրջ դժվարությունների է բախվելու:
Եվ վերջապես, Ադրբեջանի մարտահրավերներն ամենևին էլ արհամարհելի չեն, և այս երկիրը կարող է նաև այնպիսի ցնցումների փուլ թևակոխել, որի դեպքում, երբ քաղաքական պատասխանատվությունն այլևս որևէ ուժի չպատկանի, քաղաքական իշխանության հասնելու նկատառումով նույնիսկ կարող են ռազմական գործողություններ սկսվել: Ես ավելի շուտ վտանգը սպասում եմ Ադրբեջանից: Հայաստանն այս դեպքում նախահարձակ լինելու ոչ մի հիմք և ձգտում չի ցուցաբերելու:
– Հայաստանում շատ է խոսվում նաև այն մասին, թե Սաֆարովի գործն ապակայունացրեց իրավիճակը տարածաշրջանում: Դուք` որպես կովկասագետ, կարծում եք, որ դա իրո՞ք այդպես է:
– Այս միջադեպի պես անցուդարձեր ապագայում ևս կարող են տեղի ունենալ, և սովորաբար սրանք յուրօրինակ փորձաքարեր են` ստուգելու համար, թե ի՞նչ չափով է կայուն իրադրությունը: Նման միջադեպերը կարող են անսպասելի քայլերի առիթ դառնալ այն դեպքում, եթե լինի ձգտում և ցանկություն:
Կյանքը ցույց տվեց, որ այդպիսի նախաձեռնողական քաղաքականություն ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը չեն ցուցաբերում: Եվ որպեսզի նման դեպքերում իրադարձությունների ետևից չընթանանք, բոլոր երկրներում էլ իշխանությունները պետք է աշխատեն առաջատարի դեր ստանձնել, այլապես ընդդիմությունն ինքը կարող է նախաձեռնողի դերում հանդես գալ և իշխանությանը մեղադրել հայրենասիրության պակասի մեջ: Այնպես որ, Հայաստանում այս ամենը կատարվեց սպասելի զարգացումների շրջանակում: