
Հայկ Մամիջանյանը խոսել է Սեյրան Օհանյանի հետ

Խոսել եմ Սեյրան Օհանյանի հետ, ասաց՝ ստույգ օր ու ժամ կասեն՝ քննարկումները սկսելու համար. սպասում ենք. Հայկ Մամիջանյան
Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին միանալու հարցին, նախ ասել էր՝ «Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը»:
««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,- հավելել էր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը ծանոթանալուց հետո ինքը զանգահարել է նրան՝ ճշտելու համար՝ ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, և պայմանավորվելու դրանք սկսելու մասին:
«Սեյրան Օհանյանն ասաց՝ օր և ժամ կասի, թե երբ ենք մենք հանդիպելու այդ քննարկումները սկսելու համար: Այնպես որ, մենք հիմա սպասում ենք, որ մեզ քննարկումների ստույգ օր ու ժամ ասեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը: