«Թավշյա հեղափոխությամբ սահմանադրական կարգը տապալվել է». Ազատ Արշակյան

168TV «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

– Պարոն Արշակյան, ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխության հանրաքվե, որի նպատակը, ըստ էության,  ՍԴ 7 դատավորներին հեռացնելն է: Դուք դրա վերաբերյալ ասել եք, որ որոշումը ճիշտ էր, բայց՝ ուշացած:  «Ոչ»-ի ճամբարը ձևավորած իրավապաշտպանները, իրավաբաններն ու փաստաբաները նշում են, որ գործընթացը հակասահմանադրական, հակաօրինական է: Ճիշտ որոշում ասելով՝ ի՞նչ  նկատի ունեք:

– Սահմանադրական կարգը թավշյա հեղափոխության ժամանակ, այսինքն՝ զանգվածային անհնազանդությունով, մեր քաղաքացիները տապալեցին: Ինձ հետ շատերը վիճում են, երբ ես ասում եմ՝ տապալեցին: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը տապալեց գոյություն ունեցող քաղաքական համակարգը և դրա իրավական կողմը՝ Սահմանադրությունը: Սահմանադրական կարգը հեղափոխությունը տապալել է, և ճիշտ կլիներ, որ այդ նույն հեղափոխական ուժերը անմիջապես ձևավորեին սահմանադիր ժողով, որպեսզի որևէ օրենք, որով նոր քաղաքական ուժը պետք է ղեկավարվի, լինի բոլորիս աչքի առաջ, այսինքն՝ օրենքով կարգավորվեին արդեն մեր բոլոր հարաբերությունները: Դա համար առաջին գործն էր:

– Այդ դեպքում ինչո՞ւ չարվեց այդ համար առաջին  գործը:

– Դա բացթողում է, հեղափոխականները դրա կարևորությունը չգիտակցեցին կամ, եթե գիտակցում էին, բայց ռեսուրսներ չունեին, դա նույնպես թերություն էր: Պետք է ստեղծվեր սահմանադիր ժողով, և ես այն ժամանակ, լինելով հեղափոխականների կողմնակիցը, առաջարկում էի, որ հենց ՍԴ-ն իր ամբողջ կազմով ներգրավվի սահմանադիր ժողովի մեջ:

– Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ պարզապես Սահմանադրությունն այնքան լավն է եղել, որ թույլ է տվել կիրառել ժողովրդավարության բոլոր գործիքները:

– Ընդհուպ՝ մինչև իրեն տապալելը: Ես հենց սկզբից Սահմանադրության այս տարբերակին դեմ եմ եղել, որովհետև ունի բազմաթիվ թերություններ, այդ թվում՝ այն, որ հեղափոխությունը հնարավոր էր անել: Որևէ Սահմանադրություն կոչված է նրա համար, որ կանխարգելի հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդավարական մեթոդներով քաղաքացիները պետք է ապահովեն իշխանափոխություն:

– Շատերի գնահատմամբ՝ տեղի ունեցածն իշխանափոխություն էր, ոչ թե հեղափոխություն:

– Դա ճաշակի հարց է: Պետք է այդ իշխանափոխությունն այնպես լիներ, որ ոչ ոք չասեր՝ իշխանափոխություն է: Այսինքն՝ սահմանադրական կարգը պետք է փոխվեր՝ փոփոխելով Սահմանադրությունը: Եթե մենք պետք է մի կետի համար հանրաքվե անենք, մենք ասում ենք, որ սա միայն այդ կետի համար չէ, սա հեղափոխության կուրսին հավանություն տալու հանրաքվե է՝ քաղաքացիները շարունակո՞ւմ են հավատալ հեղափոխականներին, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հեղափոխությանը:

– Բայց իշխանության գործողություններն այնպիսին չպե՞տք է լինեն, որ հասարակությունը շարունակի հավատալ, թե՞ ժամանակ առ ժամանակ սոցհարցման փոխարեն՝ հանրաքվե ենք անցկացնելու:

– Սոցհարցումը կեղծարարություն է, դա պատվեր է: Ես կարծում եմ, որ արդեն պետք է նոր Սահմանադրության համար հանրաքվե հրավիրեինք:

– Հենց դա է հարցը, եթե կա ձևավորված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ի՞նչ իմաստ ունի երկու հանրաքվե անցկացնել:

– Հեղափոխականները հարկադրված են երկու կարևոր բան անել. նախ՝ այդ խնդիրը լուծել՝ Սահմանադրության մեջ եղած ճգնաժամի, «2-ը՝ 7-ի դեմ» բանաձևը հարկավոր է քանդել: Երկրորդ՝ հեղափոխությունը աջակցության անհրաժեշտություն է զգում: Միայն Սահմանադրության հարցում չեն արգելակները, այլ հարցերում էլ մենք առանձնապես հաջողություններ չենք տեսնում:

– ՍԴ 7 դատավորներն ինչո՞վ են խանգարում հեղափոխությանը:

– Ընդհանուր առմամբ, նրանք չեն խանգարում, Սահմանադրությունն է խանգարում:

– Դե, Սահմանադրությունը փոխեք, այդ մարդկանց ինչո՞ւ եք հեռացնում:

– Այո, Սահմանադրությունը հարկավոր է փոխել: Ես համարում եմ թերացում, որ առ այսօր չկա Սահմանադրության նախագիծ, նույնիսկ սահմանադրությունների նախագիծ: Մենք հիմա պետք է այդ նախագծերը քննարկեինք, և այդ կետերի վերաբերյալ Դուք ինձ ճնշեիք:

– Հիմա, Դուք այս հանրաքվեին «այո՞» եք ասելու:

– Այո, իհարկե, ես այս հանրաքվեին «այո» եմ ասում, որով երկու նպատակ կա, որ սահմանադրական բարեփոխումները շարունակվեն, երկրորդ՝ ես ուզում եմ վստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ուժերին, ես ասում եմ՝ Ձեզ վստահում եմ, շարունակեք ավելի արագ, ավելի որակով, ավելի արհեստավարժ:

– Քանի՞ անգամ քաղաքացին պետք է իր վստահությունը հաստատի գործող իշխանություններին. թավշյա հեղափոխություն, Երևանի ավագանու ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հիմա էլ՝ հանրաքվե…

– Մի գաղտնիք ասե՞մ: Հարկավոր է ավելի համարձակ լինել. մի անգամ ստացել եք, ձեր ժամկետում առաջ գնացեք, ինչ պարտավորվել եք՝ արեք, մեզ հանգիստ թողեք:

– Այդ դեպքում ինչո՞ւ եք «այո» ասում այս հանրաքվեին:

– Ինձ դիմում է իշխանությունը, ասում է՝ ես այստեղ վստահ չեմ իմ ուժերի վրա: Ես ասում եմ՝ մենք կօգնենք ձեզ: Բայց եթե իրենք չկարողանան կատարել, մենք կասենք՝ բարին ընդ ձեզ:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս