«Նախագիծը ներկայացնողը «մի գրամ կապ չունի» նախագծի հետ». փաստաբանը՝ Վահագն Հովակիմյանի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախագիծը քննարկման դնելու, փետրվարի 6-ին նախագիծը հաստատող՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելու շուրջ իրավաբանները, փաստաբանները պարբերաբար ահազանգում են գործընթացի հակասահմանադրականության մասին:

Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը վստահեցնում է՝ ցանկացած խնդիր Սահմանադրությամբ և գործող օրենքներով հնարավոր է լուծել, ու չկա մի գործընթաց, որը քաղաքական ուժը, Ազգային ժողովը կամ Կառավարությունը  փորձեն ընթացք տալ և չկարողանան գտնել  դրա ճիշտ լուծումը:  Այլ հարց է գործընթացներից շեղվելը:

Փաստաբանի խոսքով՝ նախագծի ներկայացմանը հետևելիս համոզվել է, որ նախագիծը ներկայացնողը «մի գրամ կապ չունի» նախագծի հետ:

Ըստ Տիգան Խուրշուդյանի՝ այսօրվա իշխանությունը գործում է նախկինների նման՝ փոքրամասնության կարծիքը չլսելու հարցում, և կարևորում  այն, ինչ իրենց անհրաժեշտ է:

«Այն ժամանակ էլ էին «պետք»-ի համար անում: Այն ժամանակ ուղղակի ասում էին՝ օրենքով է, ու մենք մեծամասնություն ենք, հիմա էլ մի տերմին են օգտագործում՝ «ժողովուրդը ուզում է, ու մենք պետք է անենք»,- ասաց փաստաբանը:

Տ. Խուրշուդյանը նկատում է՝ 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերից անցել է մոտ երկու տարի, ու փաստաբանը չի տեսել, որ ժողովուրդը պահանջ ներկայացնի ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Նա նաև զարմանում է՝ ե՞րբ եղավ նման պահանջ, ժողովրդի ո՞ր հատվածը դրեց ու ինչո՞ւ հիմա:

«Բա ժողովուրդը չի պահանջո՞ւմ դատախազությունում, ոստիկանական համակարգում, քննչական մարմիններում փոփոխություններ անել: Այնտեղ հիմա ամեն ինչ նորմա՞լ է, փոխե՞լ ենք: Դատական համակարգում էլ դատավորների հետ կապված բոլոր բարեփոխումներն արել ենք, մնացել է Սահմանադրական դատարա՞նը»,- նշում է Խորշուդյանը:

Փաստաբանին նաև մտահոգել է ԱԺ ամբիոնից հնչեցրած որոշ պատգամավորների այն հայտարարությունը, որ ՍԴ-ն մնացել է հեղափոխության վերջին բաստիոնը:

«Այսքան չսիրե՞լ պետությունը, այդպիսի ելույթնե՞ր, մատեր թափ տալով խոսում են ԱԺ-ում,  դա տարրական էթիկայի հարց է, ի՞նչ կապ ունի, որ դու մեծամասնություն ես: Դու անցյալ ունե՞ս, որ անցյալ ունեցող մարդկանց հետ այդպես ես խոսում»,- ասաց Տ. Խուրշուդյանը:

Ըստ փաստաբանի՝ ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացները ու առաջացած լարվածությունը ինչ-որ չափով կապ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, որը շարունակում է զբաղեցնել դատավորի պաշտոնը, բայց աշխատանքի չի գնում ու իր լիազորությունները չի կատարում: Ըստ նրա՝ իշխանությունը այս հապճեպությամբ  ցանկանում է Վ. Գրիգորյանին նշանակել ՍԴ նախագահի պաշտոնում:

Իսկ հանրաքվե նշանակելը փաստաբանը պայմանավորում է իշխանության՝ պատասխանատվությունն իր վրայից գցելու ցանկությամբ, որ տարիներ հետո հայտարարի՝ «ժողովուրդն է դա ուզել, այդ դեպքում մենք ո՞վ ենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս