Սարերի քամի

Երեկ առավոտյան` մոտավորապես ժամը 10-ի սահմաններում կանգ առավ «Նոր Հայաստանի» տեսլականի կենսակոչման հարաճուն ընթացքը. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը` պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Առջևում հասարակությանը սպասում են հոգեմաշ երկու շաբաթներ, քանի որ այս պահից սկսած` 14 օր շարունակ պահպանվելու է հույսը, որ նա կարող է փոշմանել և ետ վերցնել դիմումը` համազգային իղձերի վերընձյուղման հայրենանվեր ու ինքնակեղեք գործը խորհրդարանում շարունակելու համար:

Միակ մխիթարանքն այն է, որ Ր. Հովհաննիսյանն ինչ-որ բան որոշելու, ապա փոշմանելու փորձ ունի. այդպես վարվել է նախորդ գումարման խորհրդարանում: Իսկ եթե` ոչ, ապա «Նոր Հայաստանի» կերտումը փափագողները պետք է զինվորագրվեն նոր պայքարի` Ր. Հովհաննիսյանն առաջադրելու է թեկնածությունը նախագահական ընտրություններում, ինչի համար էլ կազմակերպել է հրաժարումի այս ներկայացումը: Դա, իհարկե, ընդամենը ենթադրություն է, քանի որ Հայաստանի «ամենահանրային» այս կուսակցության առաջնորդն ու անդամները դեռևս հարկ չեն համարում հանրությանը տեղեկացնել Ր. Հովհաննիսյանի քայլի պատճառների մասին` ընդամենն ասելով, որ նա հրաժարվել է մանդատից` նաև նախագահական ընտրություններին մասնակցությամբ պայմանավորված:

Այսինքն` էլի պատճառներ կան, որոնց մասին «ամենաժողովրդավարական» կուսակցության առաջնորդը չի շտապում «հաշվետու» լինել, ինչը պահանջում էր նախընտրական շրջանում իշխանություններին ուղղված իր, իբրև թե, քննադատական ելույթներում: Ր. Հովհաննիսյանը, փաստորեն, խաբել է ընտրողներին, բոլոր նրանց, ովքեր մայիսի 6-ի ընտրություններում քվեարկել են իր գլխավորած ցուցակի համար: Քանի որ մարդիկ նրան իրենց ձայները «հանձնառել» են` ոչ մանդատը ազգակենտրոն մտորումների առարկա դարձնելու, այլ` կոնկրետ գործառույթներ կատարելու համար:

Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է մանդատից, ապա տեսականորեն դրա հետ կարող է անել ամեն ինչ` վաճառել, փոխանակել, նվիրել, և այլն: Մյուս կողմից, հետաքրքիր է` եթե նա հրաժարվելու էր մանդատից, ապա ինչո՞ւ դա չարեց մայիսի 7-ին, երբ ակնհայտ էր, որ իր գլխավորած ցուցակին, ինչպես և` մյուս ուժերին իշխանությունն ընդամենն «անցկացրեց» ԱԺ: Նրա քայլը կլիներ քաղաքական, եթե ընտրությունների հաջորդ օրը, լղոզված հայտարարությունների փոխարեն, կոնկրետ գնահատական տար փողով և ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններին և հրաժարվեր իշխանության նետած մանդատներից:

Եթե չի արել և այդպես վարվում է այսօր, նշանակում է` մանդատը ու դրանից հրաժարումը նրան պետք էր առաջիկա նախագահական ընտրություններից առաջ իշխանության հետ առևտրի մեջ մտնելու համար: Որևէ այլ իմաստ նրա առաջադրումը չի կարող ունենալ. եթե որևէ թեկնածուի` հաղթելու հնարավորությունները ակնհայտորեն զրոյական են (Ր. Հովհաննիսյանի այդ հնարավորությունը քշեց-տարավ սարերի քամին), ապա նրա մասնակցությունն ընտրություններին ընդամենը նպատակ ունի հետընտրական շրջանում մասնաբաժին ապահովել իշխանության մեջ` ընդհուպ որևէ կոալիցիայի մասնակցության ճանապարհով: Իսկ, որ Ր. Հովհաննիսյանի շանսերը, լավագույն դեպքում, 5 տոկոս են, կարծում ենք` չի կասկածում նույնիսկ ինքը:

Հիշեցնենք, որ 2007թ. Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ պատգամավորի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով Թալինում առաջադրել էր իր թեկնածությունը և ստացել էր ընդամենը 1200 ձայն` քվեների 3 տոկոսը: Սակայն, եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ր. Հովհաննիսյանը կարող է հաղթել նախագահական ընտրություններում, ապա դա երկրի համար հղի է վտանգավոր հետևանքներով: Ի վերջո, պետք չէ բացառել, որ հաղթելով ընտրություններում, իր փխրուն հոգու և սովորության համաձայն, նա կարող է նեղանալ ինչ-որ բանից ու հայտարարել, որ 2013թ. հունիսին է որոշելու` ստանձնե՞լ նախագահի լիազորությունները, թե՞ ոչ: Հայաստանը, փաստորեն, կարող է մի քանի ամիս մնալ առանց նախագահի:

Տեսանյութեր

Լրահոս