Որտե՞ղ է տնտեսական աճի տրամաբանությունը

Նախորդ տարվա արդյունքներով՝ Հայաստանում սպասվում է բարձր տնտեսական աճ։ Ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մակարդակով։ Արդեն խոսվում է ընդհուպ 8 տոկոս տնտեսական աճի մասին։

Թվում է, թե դա բավական է՝ արդարացնելու կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Սակայն այդ քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի գործում խիստ սահմանափակ է։ Այն արտահայտվում է ոչ այնքան՝ տնտեսական ծրագրերի, որքան՝ վարչարարության տեսքով։

Վարչարարության առումով իսկապես առաջընթաց կա, ինչն էլ դարձել է արձանագրվող տնտեսական աճի հիմքերից մեկը։ Ստվերային շրջանառությունները Հայաստանում միշտ էլ բարձր են եղել։ Այնպես չէ, որ հիմա այլևս այդպես չէ։ Բայց որոշակի կրճատում, այնուհանդերձ, կա, ինչն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Այլ կերպ ասած, գործ ունենք հաշվարկային կամ վիճակագրական աճերի հետ, որոնք չեն կարող երկարաժամկետ լինել։ Դրանք մեկանգամյա աճեր են։ Մինչդեռ Հայաստանի տնտեսությանը երկարաժամկետ և կայուն աճեր են պետք։

Այսօր կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության դերը տնտեսական աճի գործում մեծ չէ։ Չկան այն տնտեսական ծրագրերը, որոնք կարող էին նպաստավոր ազդեցություն ունենալ տնտեսական զարգացումների գործում։ Կառավարությունը հասցրել է ձախողել բազմաթիվ տնտեսական ծրագրեր։

Խոսքը միայն նախկինից եկած ծրագրերի, այդ թվում` խոշոր ծրագրերի մասին չէ։ Խոսքը նաև այն ծրագրերի մասին է, որոնք պիտի իրականացվեին պետական ֆինանսավորմամբ, նաև դրսից ներգրավված վարկային միջոցներով, բայց չեն իրականացվել։ Ընդ որում, դրանց մեջ կան ոչ միայն, այսպես ասած, զուտ տեղական, այլև՝ տարածաշրջանային նշանակության ծրագրեր։

Չնայած նախորդ տարվա արդյունքներով սպասվող բարձր տնտեսական աճին, այնուհանդերձ կառավարությունը չկարողացավ բավարար հիմքեր ստեղծել հետագա տարիներին տնտեսության կայուն զարգացման և երկարատև աճի ապահովման համար։ Այդպես էլ տեղի չունեցան այն խոստացված կառուցվածքային փոփոխությունները, որոնք պիտի մեծացնեին ավելացված արժեք ստեղծող ճյուղերի դերը տնտեսական աճի մեջ։ Որպես այդպիսին, չկան նոր ծրագրեր և նախաձեռնություններ, իսկ եղածների արդյունավետությունը շատ փոքր է։

Տնտեսական աճի գործում շարունակում է մեծ լինել ծառայությունների և առևտրի դերը, որոնց մեջ զգալի է վարչարարության և թաքնված շրջանառությունների բացահայտման ազդեցությունը։ Իրական սպառման աճը, եթե նույնիսկ համարենք որ կա, ապա շատ փոքր է։ Ծառայությունների մի հսկայական հատված նստած է խաղային բիզնեսի և զվարճանքների վրա, որը գրեթե ոչինչ չի տալիս տնտեսությանը։

Փոխարենը` իրական հատվածի մասնակցությունը տնտեսական աճի գործում անհամեմատ ցածր է։ Շարունակում է կրճատվել գյուղատնտեսության կշիռը։ Շինարարության մեջ աճի պոտենցիալը մեծ չէ, իսկ արդյունաբերությունը կրկին նստում է հանքարդյունաբերության վրա։

Հանքարդյունաբերության դերի նվազեցման վերաբերյալ ժամանակին հնչող հայտարարություններն այդպես էլ օդում կախված մնացին։ Տնտեսության այդ ճյուղում 20 տոկոսը գերազանցող աճը վկայում է, որ ընդերքի մեծաքանակ արդյունահանումը շարունակում է պահպանվել, և դա դարձել է տնտեսական աճի ապահովման հիմնական հենասյուներից մեկը։

Վերամշակող ճյուղի հաշվին արդյունաբերության կառուցվածքի բարելավման հետ կապված հույսերը չեն արդարանում։ Եվ ինչպե՞ս պիտի արդարանան, երբ կառավարությունը ոչինչ չի անում դրա համար։ Մի բան էլ վերջին շրջանում լրացուցիչ ռիսկեր են ի հայտ եկել այդ ուղղությամբ՝ կապված գազի սպասվող թանկացման հետ։ Ժամանակին գազամատակարար ընկերությունը վերամշակող արդյունաբերության առանձին հատվածների համար համեմատաբար ցածր սակագներ սահմանեց։ Այն էական ազդեցություն ունեցավ այդ հատվածների զարգացումների վրա։ Այսօր, սակայն, դա էլ հարցականի տակ է։

Որքան էլ կարող է տարօրինակ լինել, տնտեսական բարձր աճը Հայաստանում տեղի է ունենում ներդրումների բացակայության պայմաններում։ Սա տնտեսական որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ու դա մեկ անգամ ևս վկայում է, թե ինչի հաշվին է արձանագրվող աճը։

Կառավարությունն ամբողջությամբ ձախողել է ներդրումային քաղաքականությունը։ Վերարտադրության փոխարեն՝ հաճախ ներդրումային կապիտալը գերադասում է հեռանալ մեր տնտեսությունից։ Այդպես էլ չստեղծվեցին ներդրումների պաշտպանության բավարար մեխանիզմներ։

Այնպիսի տպավորություն է, որ տնտեսությունը զարգացնելու և դրա հաշվին աճ ապահովելու փոխարեն` այս տարի ևս կառավարության հույսը հսկիչ-դրամարկղային մեքենաներն են։

ՀԴՄ-ները, անշուշտ, ստվերի բացահայտման գործիքներ են, որոնք ազդում են նաև տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Բայց այդպիսի աճերը քիչ կապ ունեն իրական արդյունքների հետ։ Թերևս դա է պատճառը, որ բարձր տնտեսական աճի ազդեցությունը հասարակության կյանքի պայմանների բարելավման վրա շարունակում է շատ փոքր լինել։

Չնայած այս տարի կառավարությունը սոցիալական որոշ միջոցառումներ նախաձեռնել է, այնուհանդերձ դեռ հարց է, թե ինչպիսին կլինի դրանց իրական ազդեցությունը հասարակության սոցիալական պայմանների բարելավման վրա։ Մի շարք ոլորտներից թելադրված գնաճային ճնշումներին շուտով կարող է միանալ նաև գազի թանկացումը։

Դրա հետևանքով մեծանալու է նաև տնտեսության ֆինանսական բեռը։ Ու ոչ միայն գազի գնի սպասվող բարձրացումից. հունվարի 1-ից Հայաստանում տեղի է ունեցել նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը ոչ պակաս ճնշում է տնտեսության վրա։ Թե ինչպես կարձագանքի տնտեսությունն այդ երևույթներին, ցույց կտա ժամանակը։ Բայց, որ արձագանքը դրական չի լինելու, միանշանակ է։ Հայաստանի տնտեսությունը ներդրումների և արտադրողականության բարձրացման լուրջ խնդիր ունի, առանց որի՝ անհնարին է դիմանալ առկա մարտահրավերին։

Այնպես որ, անգամ ակնկալվող 8 տոկոս աճը, որին ամեն գնով ձգտում է կառավարության ղեկավարը, չի կարող երաշխիք լինել հետագա զարգացումների համար։ Դրա համար անհրաժեշտ են տնտեսական հիմքեր, որոնք այդպես էլ չստեղծվեցին անցած մեկուկես-երկու տարում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս