«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Ազգային ժողովում, գժվելու բան է». Ալեն Սիմոնյան
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և Ազգային ժողովում, գժվելու բան է, որովհետև լրատմամիջոցներ կան, որոնք գումար են ստանում այն մարդկանցից ու մարդուց, որ ՀՀ-ում լրատվամիջոց է փակել, որը ԵԽԽՎ-ին ասում էր՝ «պոլիտբյուրո», որը ՀՀ-ում քաղբանտարկյալներ էր ստեղծում, իսկ հիմա գալիս են, ինձ հարցնում են ԵԽԽՎ-ի մասին. դա աբսուրդ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ համար դա աբսուրդ է։ Երկու քրգործ իր վրա ունեցող մարդը, որից մեկը, եթե չեմ սխալվում, պաշտոնական դիրքի չարաշահում է, ինչ-որ խմբակ է ստեղծել ու ինձ հանրորեն կոչեր է անում լրատվամիջոցների հետ պարկեշտ ձևով խոսել. գժվելու բան է։ Մարդակերները, որոնք մարդ էին ուտում բոլորովին վերջերս, կանգնում են ոստիկանության պատի տակ և խոսում ժողովրդավարությունից, ու գիտե՞ք ինչ դեմքով, որ քիչ էր մնում մարդ հավատա։ Մարդ, ում աշխատողները ամենասրբապիղծ տեսանյութերի հեղինակներ են, մտնում են քաղաքական գործիչների անձնական կյանք, և հիմա սրբությունից են խոսում։ Զանգում էին դատավորին, ասում էին՝ սեփականատեր պիտի փոխվի, արա՛, իսկ հիմա այդ մարդիկ ասում են՝ ակնհայտ ճնշում է դատավորի վրա, որը խափանման միջոցը կալանքն է ընտրվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ազգային ժողովի փոխնախագահը կոչով դիմեց իրենց քայլերը քննադատողներին՝ խորհուրդ տալով կողմնորոշվել, քանի որ, նրա խոսքով՝ «հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով բոլոր նրանց, որոնք չեն հասկանում նորը»։
«Կա՛մ պետք է այրեք քաղաքական կամուրջները և կանգնեք հեղափոխության կողքին, և մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների և մնացածի պուճուրիկ խմբակիցներին, կա՛մ ազնիվ եղեք և եկեք ասեք, որ դուք ձեր տեղը չեք գտնում, և մարդիկ թող ձեզ վերաբերվեն այդ ձևով»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում