««Իմ քայլը» չի ընդունելու այս նախագիծը, առաջարկելու է այն դնել հանրաքվեի. Վահագն Հովակիմյան
Ազգային ժողովում այսօր 13։20-ին մեկնարկեց արտահերթ նիստը։ Նշենք, որ 13։00-ին նշանակված նիստը ԲՀԿ-ի խնդրանքով 20 րոպեով ընդմիջվել էր:
Այսօրվա մեջ արդեն երրորդ անգամ նշանակված արտահերթը սկսվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթով։
Պատգամավոր Հովակիմյանը նախքան իր ներկայացրած աղմկահարույց օրենսդրական փոփոխության մասին խոսելը՝ ծավալուն ելույթ ունեցավ ստեղծված իրավիճակի նախապատմության մասին։
«Մինչև բուն նախագծի բովանակությանն անդրադառնալը ես ցանկանում եմ խոսել ստեղծված իրավիճակի նախապատմության մասին. և այսպես՝ 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, և նա ընդգրկվեց այդ հանձնաժողովի կազմում։ Հանրային ընկալմամբ՝ այդ սահմանադրական փոփոխությունների տեքստի բուն հեղինակը համարվում էր Հրայր Թովմասյանը, և հետագայում, երբ այդ փաստաթուղթը ուղարկվեց խորհրդարան, այն ժամանակ էլ Հրայր Թովմասյանը տեղափոխվեց խորհրդարան՝ ապահովելու համար այդ փաստաթղթի կյանքի կոչելու գործընթացը, իսկ դրա արդյունքում մենք ունեցանք նոր խմբագրությամբ սահմանադրություն։ 2017 թվականին, երբ Հրայր Թովմասյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները և, միաժամանակ, Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նա արդեն այդ ընթացքում հասցրել էր օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարել և, կարելի է ասել, ավարտին էր հասցրել այն գործընթացը, որի հանգուցալուծումը պետք է լիներ 2018 թվականին և մատնացույց աներ Հրայր Թովմայանի «Ի» օպերացիայի բուն նպատակը։
Այդ նպատակը կայանում է նրանում, որ Հրայր Թովմասյանը խաղաքարտերը բացեց, իսկ դա ՍԴ նախագահ կարգվելն էր։ Այդ ժամանակ մի խոչընդոտ եղավ՝ կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում էր մարտի 23-ին։ Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը փոխեցին, և նա 20 օր առաջ վաղաժամ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվեց։ Նա հատուկ հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից»,- իր պատմական ակնարկն ավարտեց Վահագն Հովակիմյանը՝ վերադառնալով մեր օրեր։
Պատգամավորը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու իր ներկայացրած նախագիծը և առաջարկելու է քվեարկության դնել այն համաժողովրդական հանրաքվեի դնելու մասին նախագիծ։
Մանրամասները՝ տեսանյութում