«Իմ քայլը» պարտվում է արտաքին ճակատում
Ժամանակակից աշխարհում վերջին տասնամյակի ընթացքում բավականին հստակ ուրվագծվել է երկու հիմնական քաղաքական ուղղություն, որը զուգորդվում է լիբերալ և կոնսերվատիվ հոսանքների գաղափարախոսական բախմամբ։ Փաշինյանն իր խոսքում քանիցս հայտարարել է, որ «իզմերի» դարաշրջանն անցել է, բայց դա այդքան էլ այդպես չէ. այսօր հայկական քաղաքական դաշտում իրականում առկա է երեք հստակ «իզմային» ուղղություն․ պոպուլիստներ, ֆեյք-լիբերալներ և ազգայնականներ։
Օրերս ականատես եղանք, թե ինչպես ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն բավականին նկատելի կոշտ գնահատականներ հնչեցրեցին ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Իշխանական դաշտից այս հայտարարությունների հետ կապված բավական ագրեսիվ ու կտրուկ որակումներ սկսեցին հնչել, ինչն ունի խորքային հիմքեր:
Անառարկելի է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ ամբողջովին ձախողված և ողջ ուղղությունը տապալած ղեկավար է, և, ըստ էության, այս 21 ամիսների ընթացքում Փաշինյանը, դասագրքային ճշմարտությանը համապատասխան, ցույց տվեց, թե ինչ քայլեր չպետք է անի պետության ղեկավարը, որպեսզի արտաքին քաղաքական սպեկտրը չվնասի և վերջնականապես չոչնչացնի պետության վարկանիշը միջազգային հարթակներում: Հենց այս ձախողումն էլ պատճառ է հանդիսացել, որ վերջին մի քանի օրերին իշխանական տիրույթում առավել ակտիվ դեմքերը, բառիս բուն իմաստով, քաղաքական «վայնասուն» են բարձրացրել՝ ի պատասխան ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով միջազգային կառույցների հնչեցրած գնահատականներին:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, ինչպես բնորոշ է իր վարքագծին, ամեն ինչում մեղադրում է նախկին իշխանություններին՝ ՀՀԿ-ին, որ նրանք ՀՀ «ներքին լվացքը» հանում են միջազգային ասպարեզ, սակայն փաստն այն է, որ տվյալ պարագայում գործ ունենք մի ամբողջ շարք հակասահմանադրական գործողությունների հետ, երբ ՀՀ-ում իշխանությունը վերջնականապես ուզուրպացնելու մղումներով ոգևորված՝ Փաշինյանը գրոհում է ՍԴ-ի վրա, և ոչ միայն:
Հասկանալով, որ տեղեկատվական դաշտում պարտվում է, և ոչ մի փաստական մեկնաբանություն, որը կապացուցի, թե եվրոպական մարմիններից եկած տեսակետներն իրականության հետ աղերս չունեն, չեն կարողանում հնչեցնել, Փաշինյանը դիմեց իրեն հոգեհարազատ գործելաոճին՝ պոպուլիզմին և դեմագոգիկ հայտարարություններին՝ թիմակիցներին արենա իջեցնելով: Հերթական անգամ իր մտքի գոհարները սկսեց շաղ տալ Ալեն Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, թե ԱԺ պատգամավորը պարտավոր չէ Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցել: Նա նաև հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները հաշվետու են միայն հայ ժողովրդի առաջ: Նրա խոսքով՝ ՀՀ-ում գոյություն ունեն պարտիզանական խմբեր, որոնք օտարերկրյա կառույցներին համոզում, նրանց դռների մոտ նստում, հաճախ լաց են լինում, որպեսզի ՀՀ վարկանիշը գցող և իշխանությունների գործողությունները քննադատող մի հայտարարություն պոկեն:
Սիմոնյանի խոսքում առկա է նախկին նույն ցինիզմը, ըստ որի՝ Փաշինյանն իր թիմի հետ ազատագրել է ՀՀ իշխանության երկու ճյուղը, և մնացել է ազատագրել միայն դատականը: Այլ կերպ ասած՝ ԱԺ փոխխոսնակը հերթական անգամ վերահաստատում է, որ ՀՀ իշխանություններին Վենետիկի ու ԵԽԽՎ հանձնաժողովի կարծիքն այդքան էլ չի հետաքրքրում, ինչը, հերթական մեծամտության դրսևորումից բացի, այլ մեկնաբանություն չունի:
Այս ընդհանուր ֆոնին՝ իշխանության ներկայացուցիչների կողմից հերթական մանիպուլյատիվ պնդումն է շրջանառվում, ըստ որի՝ «ՀՀ-ն ներկայումս միջազգային բոլոր չափվող ինդեքսներով իր ամենաբարձր վարկանիշներն է գրավում, և պետք չէ իզուր ինտրիգներ փնտրել»:
Պարզ է, որ սա հանրության շրջանում հերթական պատրանքը ստեղծելու ջղաձիգ փորձն է, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, այդ ինդեքսային չափորոշիչները հրապարակելու համար ՀՀ իշխանությունները լուրջ ֆինանսական միջամտություն են ունեցել: Իշխանական պատգամավորներից մեկի բնորոշմամբ՝ երկու հայտարարություններին էլ պետք չէ «ապոկալիպտիկ» վերաբերվել, քանի որ դրանք, պատգամավորի խոսքով, շատ կարևոր են, սակայն, իրենց ամբողջությամբ հանդերձ՝ խորհրդատվական են:
Իրականում պետք է արձանագրենք. փաստ է՝ ՀՀԿ-ն և ՀՀ քաղաքական դաշտի հնաբնակներն ուժեղ և կայացած են արտաքին ֆրոնտում, սակայն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի արտաքին ճակատում պարտվելու պատճառն ընդդիմադիրների ուժեղ լինելը չէ: Պարտությունների պատճառն անհեռատես և սեփական քաղաքական ամբիցիաներին տուրք տալու և ամենուր դավադրություններ փնտրելու պրիմիտիվ քաղաքականությունն է:
Եթե հետհայացք գցենք Փաշինյանի քաղաքական գործունեության էպոպեային, ապա ակնհայտ է դառնում, որ նրա գործողությունների զգալի մասը հակասում են եվրոպական քաղաքական չափանիշերին և նրանց կողմից հռչակած ժողովրդավարական սկզբունքների հետ որևէ աղերս չունեն: Այս շարքին են դասվում և հոկտեմբերի 2-ի հայտնի «կալամբուրը»՝ ԱԺ շենքի շրջափակումը, և դատարանները շրջափակելու մայիսյան որոշումը, սեփական ընդդիմադիրներին քաղաքական բացահայտ հետապնդումների ենթարկելը, նախկին նախագահների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ տարբեր տիպի ոտնձգությունները: Դե, իսկ Հրայր Թովմասյանի դեմ ստանձնած դեմարշն այս ամենին տալիս է լրիվ «բեսպրեդելշիկ» սոուս: Ինչպես սովորաբար լինում է մնացած բոլոր դեպքերում, եվրոպական այս ապտակի թեման նույնպես հերթական անգամ Փաշինյանի գվարդիան փորձում է բարդել հների վրա՝ պնդելով, թե նրանց բարձրացրած աղմուկի հետևանքով է, որ եվրոպական մարմինները նման կոշտ հռետորաբանություն են որդեգրել. իրականում նախկիններն ուժեղ են դրսում, բայց ուժեղ են ճշմարտությունը բարձրացնելու մեջ, այլ ոչ թե այդ կառույցներից կարծիք կամ եզրակացություն ստանալու հարցում: Փաստն այն է, որ ցանկացած նմանօրինակ քննադատական կարծիք ձևավորվում է, երբ միջազգային կառույցներն ուշի ուշով հետևում են հայաստանյան անմեղսունակ իշխանությունների նաիվ գործողություններին, որոնք ակնհայտորեն եվրոպական չափանիշերից դուրս են: Հենց դա է պատճառը, որ վերպետական այդ կառույցների արձագանքը չի ուշանում, ավելին՝ միշտ տեղին է լինում:
Արմեն Հովասափյան