«ԱԺ  մեծամասնությանը թելադրում է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ինչը խայտառակություն է». Անի Սամսոնյան

Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը  իշխանական խմբակցության չմասնակցելը, Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ, վախն է, իշխանությունները վախենում են այն ստեղծելուց: Մարուքյանը  չբացառեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմած լինի, որպեսզի  չստեղծվի հանձնաժողովը՝ խնդիրների մեջ չհայտնվելու համար։

168.am-ը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ տվյալ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական են համարում, իսկ ապրիլյան պատերազմի համար ստեղծել են քննիչ հանձնաժողով, արդյո՞ք երկակի ստանդարտներ չեն կիրառում։

Ի պատասխան մեր հարցին՝ Լիլիթ Մակունցը ասաց, որ հանձնաժողովը չեն ստեղծել ոչ թե քաղաքական որոշման արդյունքում, այլ հղում կատարելով օրենքի որոշակի դրույթների։ Այսինքն՝ այս որոշումը եղել է բացառապես իրավական։

«Արդեն երկու օր է, մենք խոսում ենք մի իրավիճակից, երբ մի կողմից՝ իրավունքի ուժով  կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով, մյուս կողմից էլ, քանի որ մենք Տեղական ինքնակառավարման մարմինները ուժեղացնելու, լիազորությունները հստակ տարանջատելու համար նրանց օժտել ենք որոշակի լիազորություններով և իրավունքներով, ապա այդ ամենը հնարավորություն չի ընձեռում այդ հանձնաժողովին՝  իրականացնել իր գործառույթները։ Սա ոչ թե քաղաքական, այլ բացառապես օրենքին հղում կատարելով՝  կայացված որոշում է»,- շեշտեց Մակունցը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ վստահ է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնությունը ամբողջությամբ համապատասխանում էր սահմանադրությանը, իսկ իրենց գործընկերները փորձեցին վիճարկել դրա սահմանադրականության հարցը, քանի որ ընդունել էին քաղաքական որոշում։

«Այդ որոշումը մեզ համար շատ անսպասելի էր, քանի որ, երբ նախագիծը դրեցինք շրջանառության մեջ, իրենք դրսևորեցին քաղաքական կամք։ Երևի այդ պահին գիտակցում էին, թե որքանով են խորը խնդիրները, և մտածում էին, որ իրենք խնդիրներ չունեն։ Հետևաբար՝ քաղաքապետարանից ասել են, որ ունենալու են խնդիրներ, ուստի ամեն ինչ պետք է անեն, որ հանձնաժողով չստեղծվի։ Ազգային ժողովի մեծամասնությանը թելադրում է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ինչը խայտառակություն է, սրանով իրենք խայտառակեցին Ազգային ժողովը»,- շեշտեց պատգամավորը։

Ըստ Անի Սամսոնյանի, Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ Ազգային ժողովը կարող է ստեղծել քննիչ հանձնաժողով իր իրավասության շրջանակներում և հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս