«Յուրաքանչյուր երկիր պետք է հարգի նույնասեռական համայնքի իրավունքները, ապահովի խոսքի ազատությունն և մարդու այլ իրավունքների իրացումը». Ստեֆ Բլոկը՝ Երևանում
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը եվրոպական գործընթաց է»,- այս մասին այսօր Երևանում ասաց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան բացումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման գործընթացի վրա:
Ստեֆ Բլոկն ասաց, որ վիզաների ազատականացումը եվրոպական գործընթաց է, Եվրոպական հանձաժողովը պետք է հաստատի և գնահատի այն առաջընթացը, որը կատարել է Հայաստանը, և Նիդեռլանդների Կառավարությունն այս ուսումնասիրության արդյունքները հաշվի կառնի:
Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, Ստեֆ Բլոկն ասաց, որ իսկապես հիացած է, հարգում է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Միևնույն ժամանակ նախարար Բլոկն ասաց, որ հայ ժողովուրդն է իր ապագան որոշում, և ինքը չէ, որ պետք է որոշի, դատի, բացառությամբ այն հանգամանքի, որ Նիդեռլանդները մշտապես համընդհանուր մարդու իրավունքների կողքին է կանգնած եղել և ԵՄ կանոնադրության, որին Նիդեռլանդներն աջակցում է:
«Այսպիսով յուրաքանչյուր երկիր պետք է հարգի նույնասեռական համայնքի իրավունքները, ապահովի խոսքի ազատությունն և մարդու այլ իրավունքների իրացումը»,- ասաց Ստեֆ Բլոկը՝ հույս հայտնելով, որ հայ ժողովուրդը կշարունակի այս առաջընթացը:
Մնացականյանն իր հերթին՝ հավելեց, որ ՀՀ ազգային օրակարգից բացի, մարդու իրավունքների օրակարգը ՀՀ-ի համար կարևորագույն ուղղություններից մեկն է միջազգային հարաբերություններում և ՀՀ միջազգային ներգրավվածության համատեքստում, քանի որ Հայաստանը տարբեր կազմակերպությունների և կառույցների անդամ է, որոնցում մարդու իրավունքների պաշտպանությունը օրակարգային գերակա ուղղություն է, ինչպես Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ն, ՄԱԿ-ը:
«Ուստի այս տարիների ընթացքում պետք է նշեմ Հայաստանի բավական լավ համագործակցությունը և Նիդեռլանդների միջև միջազգային հարթակներում միասին աշխատելու: Կանխարգելման օրակարգը Հայաստանի համար շատ կարևոր ուղղություն է, պետք է ընդգծեմ շարունակական աջակցությունը Նիդեռլանդների կողմից: Տարբեր հարցերի ուղղությամբ ունենք նույնանման մոտեցումներ ազատությունների առումով, տարբեր խմբերի կանանց, երեխաների և այլն: Այդ առումով մենք ունենք բավականին լավ ձևավորված համագործակցություն Նիդեռլանդների հետ»,- ասաց Մնացականյանը: