«Մենք ենք, մեր սարերը». Պարտադիր սպանդանոցային մորթին դեմ գյուղացիները ճանապարհներ են փակել

Տարիներ շարունակ անասնաբուծությամբ գումար աշխատող գյուղացիներն այսօր փակել էին դեպի իրենց մարզեր տանող ճանապարհները: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն ժամկետը երկարաձգվել է: Երեկ գյուղացիները հավաքվել էին Կառավարության շենքի առջև, սակայն նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ, դրանից հետո գյուղացիները որոշեցին, որ խնդրի լուծման համար ճանապարհ են փակելու, ինչպես ժամանակին արել է վարչապետը: Ճանապարհները փակած գյուղացիները պնդում էին՝ սպանդանոցներ պետք չեն, հատկապես, որ սանիտարական վիճակն այնտեղ այնքան էլ բարվոք չէ, վստահեցնում էին՝ անասունների սպանդի համար իրենք պայմաններ ստեղծում են:

«Թող բերեն ապացուցեն, որ մեր տեղական անասունի մսից թունավորման դեպք է եղել, մարդ է մահացել: Ո՞ւր է, սուտ բաներ են խոսում: Թող փողոցում միս վաճառելը արգելեն, համաձայն ենք, թող պասաժներում խստություն մտցնեն, դրան էլ ենք համաձայն: Ասում են՝ Գումի շուկայում շուն ու կատու, ձի ու էշ են վաճառում, վաճառողն էլի վաճառելու է, դուք էլ ձեր փողն առնելու եք, գնաք քնեք: Գնացեք արգելեք, մե՞նք ենք մեղավոր: Սուտ հեքիաթներ են պատմում՝ էշ ու կատու, շուն ու ձի, հիվանդ ու առողջ կենդանի»,- ասաց գյուղացիներից մեկը:

Մխչյան գյուղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  բոլորն էլ վարկեր են վերցրել, որոնք մարելու համար պետք է վաճառեն  անասուններին, բայց ամեն մորթված անասունից իրենց մնացող գումարը հիմա էլ ստիպված են լինելու տալ սպանդանոցներին: Վստահեցնում են՝ այսպես շուկան մոնոպոլիզացվելու է:

«Գիտե՞ք՝ սա ինչի է տանում, որ մենք վաղը-մյուս օրը նեղվենք, չկարողանանք մեր ծախսերը հոգալ, չնայած հիմա էլ չենք կարողանում, տանենք մեր անասունին սպանդանոց, սպանդանոցի տերը կտեսնի, որ օրը հազար գլուխ խոզի սպառում ունի, մյուս օրը մի այնպիսի սպանդանոց կսարքի, խոզերն էլ Գերմանիայից կբերի, կբազմացնի, մյուս օրն ինքը կմորթի, ինքն էլ կծախի: Բա էս ժողովուրդն ի՞նչ են անելու: Եթե իմանա՝ 1000 գլուխ անասունի սպառում ունի, մեզանից միս չի առնի: Վարչապետն էլ է գյուղի տղա, իրա ժողովրդին ի՞նչ է անելու, իրա հորոխպոր տղերքին, իրա հարազատներին»,- ասաց նա:

Գյուղացիները, որպես խնդրի լուծում, առաջարկում են լավ վճարել անասնաբույժներին, որ նրանք սպանդ իրականացնելուց առաջ գնան ստուգեն անասուններին, առողջներին թույլ տան մորթել, հիվանդներին՝ ոչ:

«Ես հա՛մ ֆերմեր եմ, հա՛մ անասուն եմ մորթում, կզանգեմ կասեմ՝ Պողոս ջան, վաղը գալու եմ քո անասունին մորթեմ, ինքն էլ կզանգի բժշկին, բժիշկը կգա կասի՝ առողջ ա՝ կմորթեմ, կասի՝ առողջ չի՝ չեմ մորթի: Երկրորդ ձևը կգրի-կտա»:

Գյուղացիները դժգոհում են, որ որևէ բան իրենց համար դեռ չարած՝ իրենցից պահանջում են: Ասում են՝ արտադրվող միսը հաճախ, օրինակ, եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելուց առաջ, թող թոշակներն ու աշխատավարձերը եվրոպականին համապատասխանեցնեն:

«Գյուղացուն նեղացնում են, մտեք գյուղերը՝ տեսեք, ոչ մեկն էլ հող չի մշակում, մի քիչ անասուն են պահում, էդ էլ որ չանի, երևանցին ո՞նց է ապրելու: Այսօր Արարատյան դաշտի ժողովրդին նեղացրին, Գեղարքունիքի ժողովրդին նեղացրին, ոչ բանջարեղեն է լինելու, ոչ միս է լինելու, հող մշակողը իր ծախսը չի հանում, անասուն պահողն իր  ծախսը չի հանում: Գոնե գյուղացուն դուխ տա, կողքին կանգնի, որ գյուղացին առաջ գնա, քաղաքացու կողքը կանգնի, թիկունքից խփում է»:

Ճանապարհը փակած մարդիկ ասում էին, որ հաճախ իրենց կենդանիներին այս կամ այն արարողության համար տալիս են, իսկ գումարը վերցնում են այն ժամանակ, երբ հարմար է լինում համագյուղացուն, սպանդանոցային մորթի պարագայում այդ հնարավորությունը չի լինի:

«Էն ասֆալտի վրայի նույն ժողովուրդն ենք, այսօր ինչո՞ւ մեր ձայնը չեն լսում, էն նույն հպարտ քաղաքացին ենք, չարքաշ գյուղացին, որ հազիվ ապրում է, չի կարելի այսպես վարվել»:

Գյուղացիներից մեկը, որը ցույցի եկավ միանգամից գոմից, հիշեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը.

«Ասում ա՝ ոչխար ենք բերել, չեք ուզո՞ւմ, ախր ինքը պետք ա գա մեր դուռը, ասի՝ ուզում եմ առնեմ, չես ծախի՞, թող ինքը գա ժողովրդի դուռը խնդրի, ինքն էլ իմ պես մարդ է, ի՞նչ անենք՝ աթոռի է նստել»:

Հետդարձի ճանապարհին 168.am-ի նկարահանող թիմը փորձեց մտնել մոտակա «Ոսկե կացին» սպանդանոց, ծանոթանալ պայմաններին: Ներս մտնել մեզ թույլ չտվեցին, ասացին՝ տնօրենը տեղում չէ, համարն էլ չունեն: Սպանդանոցի հեռախոսահամարը, որը տեղադրված էր spyur.am կայքում, գոյություն չուներ:

 

Տեսանյութեր

Լրահոս