Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Ցեղասպանության նոր օրինագծի իր հանձնառությունը
Նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է ֆրանսիայի քաղաքացի Արման Մխիթարյանի նամակին, ով երկրի ղեկավարին հարց էր ուղղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նոր օրինագիծ ներկայացնելու Օլանդի նախընտրական խոստման մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սեպտեմբերի 4-ին թվագրված Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տնօրենի կողմից ուղարկված նամակում նշված է, որ «Ֆրանսուա Օլանդը իր հանձնառությունը պետք է կատարի», եւ որ ուսումնասիրվում է նոր օրինագծի տեքստը:
«Ինչպես Դուք գիտեք, Սահմանադրական հանձնաժողովը որոշել էր, որ ներկայացված օրենքի առաջարկը չէր համապատասխանում Սահմանադրությանը: Հետեւաբար, անհրաժեշտ է գտնել մեկ այլ լուծում, այնպիսին, որը համապատասխանեցնի հիշողության պարտականությունը եւ հանրապետության օրենքները, որպեսզի Սահմանադրական հանձնաժողովի կողմից նոր մերժում չլինի», – ասված է նամակում:
Ֆրանսուա Օլանդի անունից Ֆրանսիայի նախագահի գրասենյակի ղեկավար Պիեռ Բենուղի կողմից ուղարկված նամակը հրապարակվել է «Արմենյուզ» կայքում: