Ուկրաինայում կապույտ հազից երեխա է մահացել

Ուկրաինայի Ռովենսկայա տարածաշրջանի Օստրոժկի համայնքում ծննդյան տոների նախօրեին կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել: Մահվան նախնական պատճառը կապույտ հազի ծանր ձևն է:

Փոքրիկը բազմազավակ ընտանիքի վեցերորդ երեխան էր: Մայրը հրաժարվել է բոլոր երեխաների պատվաստումներից: Բժիշկներն արձանագրում են, որ մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե մայրը չհրաժարվեր երեխաների պատվաստումներից:

Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ունեցել է արտահայտված սպաստիկ հազ, ապնոէի նոպաներ (շնչառության ժամանակավոր կանգ): Երկու շաբաթ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ավաղ, չի հաջողվել փրկել կյանքը (հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6870941):

Միաժամանակ, Ուկրաինայի Չերնովիցկի տարածաշրջանում էլ գրանցվել է կապույտ հազի 9 դեպք: Ըստ տեղեկատվության` Ուկրաինայում անցյալ տարի երեխաների միայն 74%-ն է ստացել կապույտ հազի դեմ պատվաստում: 2019 թվականին Ուկրաինայում գրանցվել է կապույտ հազի 2063 դեպք (հղում՝ https://promedmail.org/promed-post/?id=6880844):

Կապույտ հազը շնչառական համակարգի ծանր վարակիչ հիվանդություն է: Այն շատ հեշտությամբ տարածվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով, փռշտալու, հազալու ժամանակ: Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը)։ Առավել խոցելի են նորածինները, ովքեր դեռ չեն հասցրել պատվաստվել: Շատ կարևոր է, որ մինչ պատվաստման տարիքի հասնելը երեխան շրջապատված լինի պատվաստված, վարակներից պաշտպանված մարդկանցով:

Կապույտ հազի առումով` Հայաստանում իրավիճակը կայուն է։ 2019 թվականին հանրապետությունում գրանցվել է կապույտ հազի 38 դեպք: Դեպքերի 83%-ը գրանցվել է մինչև 5 տարեկան, այդ թվում` 70%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Համաձայն համաճարակաբանական հետազոտության տվյալների` հիվանդների 81%-ը պատվաստված չեն կամ թերի են պատվաստված: 2019 թվականին Հայաստանում երեխաների 91%-ն է պատվաստվել կապույտ հազի դեմ՝ այն դեպքում, երբ մինչև մեկ տարեկան երեխաների արդյունավետ կոլեկտիվ պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 95% պատվաստումների ցուցանիշ: Վերջին տարիներին դիտվում է պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազման միտում: Նման միտումների հետագա շարունակությունը կբերի հանրապետությունում կապույտ հազի հիվանդացության աճին և մահվան դեպքերի գրանցմանը:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել կապույտ հազը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Տեսանյութեր

Լրահոս