«Երբ հարկ է լինում՝ Ռուսաստանը քննադատում է այս կամ այն կողմի հայտարարությունները՝ իրավիճակի սրացում թույլ չտալու համար». Լուկիանով
«Հաջորդ տարի կշարունակվի ներկայիս դինամիկան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին և ըստ էության ամփոփելով բանակցային տարին:
Լուկիանովի գնահատմամբ՝ կարելի է որպես դրական հանգամանք՝ խոսել այն մասին, որ կողմերը հանդիպում են, երկխոսությունը կողմերի միջև չի դադարում, թեև լուրջ առաջընթաց բանակցային սեղանի շուրջ չի գրանցվում՝ բացառությամբ որոշ հումանիտար պայմանավորվածությունների: Ըստ նրա՝ հատկանշական է, որ որոշ չափով գործում են նաև հրադադարի ռեժիմը պահպանելու մասին պայմանավորվածությունները, թեև լիովին խուսափել սահմանային միջադեպերից չի հաջողվում, ինչը ցավալի փաստ է:
Լուկիանովն ասաց, որ դրական է եղել նաև այն, որ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես՝ երկրների ղեկավարների, այնպես էլ՝ նախարարների միջև, տեղի է ունեցել նաև երկու հումանիտար նախաձեռնություն և նախատեսվում է ևս մեկը: Սա, նրա որակմամբ, ցույց է տալիս, որ, թեև լայնածավալ գործողությունները շփման գծում բացառված չեն, կողմերը դրանից այս փուլում փորձում են խուսափել, և դա մասամբ պայմանավորված է այն ներքին զարգացումներով, որոնք կան հակամարտող երկրներում:
«Բայց այս ամենը չի նշանակում, թե կողմերը մոտեցել են կարգավորմանը: Կարծում եմ, որ այն իրավիճակը, որն ընդհանուր առմամբ ստեղծված է եղել բանակցային գործընթացում, կպահպանվի, կամ կողմերը կփորձեն պահպանել այդ իրավիճակը: Չեմ կարծում, որ իրավիճակը լիովին հարթ է լինելու, բայց հարաբերական իրավիճակը կպահպանվի: Իմ համոզմամբ՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի քննարկվի, դրա համար մի քանի պատճառներ կան՝ Արցախի բացակայությունը բանակցային սեղանից, այն, որ Հայաստանին ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանումը, և Ադրբեջանի համար ցանկալի կարգավորումն անընդունելի է Հայաստանի համար: Իրերի այս դրությամբ հարցում գրեթե ոչինչ չի փոխվել, հենց այդ պատճառով կողմերը քննարկում են հարցեր, որոնք չեն վերաբերում բուն կարգավորմանը: Երբ կողմերը մոտենան այդ հարցերի քննարկմանը, իրավիճակը կհայտնվի փակուղում»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:
Նրա կարծիքով՝ վտանգը տարածաշրջանում պահպանվում է, կողմերը շարունակում են պատրաստվել պատերազմի: «Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս՝ որպես միջնորդ, երբ հարկ է լինում, Ռուսաստանը քննադատում է այս կամ այն կողմի հայտարարությունները՝ իրավիճակի սրացում թույլ չտալու համար: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա Ռուսաստանն ունի ընդգծված դերակատարություն, բայց կարևորն այստեղ այն է, որ դա արտոնված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, որոնք ևս համանախագահ երկրներ են: Իսկ դա նշանակում է, որ այն տեղեկությունները, թե Ռուսաստանն ունի կարգավորման սեպարատ պլաններ, չեն համապատասխանում իրականությանը: Սա ԱԳ նախարար Լավրովը բազմիցս է հերքել: Կարգավորման տարբեր փուլերում տարբեր միջնորդներ փորձել են իրենց առաջարկով հանդես գալ, սակայն այդ առաջարկի հիմքում ունեցել են բոլոր միջնորդների համար ընդունելի սկզբունքներ ու տարրեր: Պարզապես առաջարկն անող երկիրը զուգահեռաբար օգտագործել է նաև իր երկկողմ կապերը հակամարտող երկրների հետ: Այս կամ այն փուլում միջնորդներից ոմանց թվացել է, թե իրենք կարող են կարգավորել հակամարտությունը՝ օգտագործելով իրենց քաղաքական կշիռը, լծակներն ու հեղինակությունը: Բայց ես չեմ կարծում, թե այդ փաթեթները միմյանցից տարբերվում են մեծ հաշվով, քանի որ միջնորդը պետք է կողմերին ներկայացնի այնպիսի փաստաթուղթ, որը կլինի ընդունելի կողմերի համար: Ամփոփելով՝ պարզաբանեմ, թե ինչու է ռուսական կողմը հերքում, թե կա Լավրովի պլան, նման առանձին պլան չկա, եղել են միասնական նախաձեռնություններ միջնորդ բոլոր երկրների կողմից»,- ասաց Լուկիանովը: Նրա կարծիքով՝ ներկայումս որևէ փաստաթղթի քննարկումը չի պսակվելու հաջողությամբ:
«Նման քննարկումների համար բարենպաստ քաղաքական տրամադրություններ են հարկավոր, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպիսի, բայց ներկայումս դա քիչ հնարավոր եմ համարում»,- ասաց Լուկիանովը: