Ամուլսարի խնդրից՝ մինչև եղևնիների հատում. Էրիկ Գրիգորյանն ամփոփում է տարին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի սկզբում պլաստիկի դեմ պայքարի շրջանակներում բազմակի օգտագործման տոպրակներ նվիրեց լրագրողներին, որպեսզի օգտագործեն և սեփական փորձով կիսվեն իրենց շրջապատի հետ:
Անցնող տարվա ձեռքբերումները ներկայացնելուց հետո լրագրողները նախարարին հարցրին բնապահպանության ոլորտում տարվա խնդրի՝ Ամուլսարի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տարբեր առիթներով հայտարարել էին, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ տարվող արշավը միանշանակ չէ, և պահապանների մեջ կան մարդիկ, ովքեր կապված են հանքարդյունաբերության ոլորտի գործարարների հետ և ֆինանսավորվում են նրանց կողմից:
ՇՄ նախարարը չի ժխտում, ինքն էլ նման տեղեկություններ ունի, սակայն իրավական որևէ գործընթաց այս մասով չկա:
«Անձամբ ես գիտեմ որոշակի բնապահպանական կազմակերպություններ և անձինք, որոնք ներգրավված են եղել նախարարության նախկինում գործող ծրագրերում, աշխատել են, այսինքն՝ նախարարության ծրագրերի փորձագետներն են եղել, հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություններում են աշխատել: Իրավաչա՞փ է աշխատել որևէ կազմակերպության համար, որը ֆինանսավորվում է հանքարդյունաբերական կազմակերպության կողմից, թե՞ իրավաչափ չէ, իրավունք ունե՞ն, թե՞ չունեն, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:
Հարցին, թե վերջապես ինչպե՞ս է հանգուցալուծվելու Ամուլսարի հանքի շահագործման հարցը, նախարարը պատասխանեց, որ դեռ քննչական գործ է ընթանում իրենց ներկայացրած փաստերով։
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե տոների նախաշեմին որքա՞ն եղևնիներ հատելու թույլտվություն է տրվել: Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ թույլտվություն տրվել է միայն Գյումրու քաղաքապետարանին, որը դիմել է սանիտարական հատման ենթակա ճյուղերից հատելու և Գյումրու տոնածառը ձևավորելու համար:
«Այլ առանձին հատումների քանակ չունենք սոճիների և եղևնիների համար, ունենք հաստատված սանիտարական, լուսավորության և խնամքի հատումներ, վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառեր են»,- ասաց ՇՄ նախարարը: