Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը։

Նա իր ելույթում անդրադարձ կատարեց ԱՄՆ Սենատի կողմից  միաձայն Հայոց  ցեղասպանության բանաձևի ընդունմանը և նշեց, որ տեղի ունեցածը պատմական և կարևորագույն իրադարձություն է։

«Ես ուզում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին։ Գիտեք, որ  հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը ևս ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, և ցանկանում եմ նաև գնահատանքի խոսքեր ասել ԱՄՆ հայությանը, բոլոր կազմակերպություններին և անհատներին»,- ասաց վարչապետը։

Ըստ Ն. Փաշինյանի՝ այս ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի, և այս գործընթացը կարևոր է մեր երկրի ապահովության տեսակետից։

«Ես ուզում եմ ընդգծել, որ ոչ թե 1915 թվականի ցեղասպանությունը, այլ Թուրքիայի վարած այդ ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար, ավելի ճիշտ, այդ քաղաքականությունն է սպառնալիք։ Շատ երկար ժամանակ՝ արդեն մոտ 30  տարի, Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի սահմանը, և այս երևույթները մեկը մյուսի շարունակությունն են»,- ասաց  վարչապետը։

Նա նշեց, որ Թուրքիան շրջափակված է պահում Հայաստանը՝ ագրեսիվ քաղաքականություն վարելով նաև մեր տարածաշրջանի երկրների նկատմամբ, ուստի միջազգային հանրությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Թուրքիայի գործողությունների կապակցությամբ և նաև քաջալերի, որ վերջինս վերագնահատի  և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում։ Ինչպես նախկին կառավարությունները, մեր կառավարությունը ևս ասում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների։ Մենք ասել ենք նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ, այդ ճանաչումը հենց առաջին հերթին Թուքրային է անհրաժեշտ»,- ասաց  վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս