Համազգային ընդվզման ուրվականը
2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի, որն այդ օրերին ավելի քան տասը երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը միացավ ընտանիքի ինստիտուտի պաշտպանության համաշխարհային շարժմանը։
Սակայն պետք է նշել, որ երթի կազմակերպիչների շեշտադրումները շատ ավելի ընդգրկուն էին, քան միայն ընտանիքի ինստիտուտի հոգևոր և բարոյական անվտանգությունը։ Դրանք առնչվում էին ազգի և պետության, հավատի ու եկեղեցու, հայրենիքի, ընտանիքի, կրթության և բանակի խնդիրներին։
Այսօր մեր ազգն ու պետությունը վտանգված են, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, որոնք զավթվել են արտաքին գործակալական ցանցի կողմից՝ ի դեմս արևմտյան հիմնադրամների ու կառույցների. դրանք ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն իրականացնում են պետական ինստիտուտների ոչնչացում՝ զրկելով նրանց արտաքին ագրեսիային դիմադրելու ունակությունից։
Այսօր հավատը վտանգված է, որովհետև 2018 մայիս ամսից ի վեր աննախադեպ հարձակումների է ենթարկվում Հայ Առաքելական եկեղեցին և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Այդ հարձակումները նոր փուլ մտան, երբ Հայ Եկեղեցու դեմ գործընթացին միացավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման ներքո գործող BBC լրատվամիջոցը։
Հայրենիքը վտանգված է, որովհետև վտանգված է նրա մաս կազմող Արցախը։ Աշխարհաքաղաքական բուռն գործընթացների պայմաններում շուրջ 20 տարի ստատուս-քվոն հաջողությամբ պահպանած մեր երկու հայկական հանրապետություններն այսօր հայտնվել են մեր հայրենիքի մաս կազմող Արցախի կորստի սպառնալիքի առջև։
Վտանգված է հայ ընտանիքը, որովհետև հոգով, մտքով և մարմնով այլասերվածները, օգտագործելով իրենց լծակները, փորձում են ընդունել ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղված օրենքներ։ ՀՀ իրավական դաշտում փորձ է արվում ամրագրել այնպիսի նորմեր, որոնց համաձայն՝ ընտանիքի ավանդական մոդելը ժամանակավրեպ կարծրատիպ է, որը պետք է կոտրվի, իսկ տարբեր այլասերումներն առաջընթաց են։ Օրակարգում է ավանդական ընտանիքի դեմ ուղղված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։
Վտանգված է նաև ազգային կրթական համակարգը: Այսօր ներդրվող հակակրթական համակարգով փորձ է արվում ազգային ինքնատիպությունը հիշեցնող և ընդգծող արժեքներն աստիճանաբար փոխարինել, այսպես կոչված, համամարդկային (իրականում՝ հակամարդկային) արժեքներով։ Որպես թիրախ՝ ընտրված են Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաները։
Տարիներ շարունակ, իսկ այսօր՝ հատկապես, տեղեկատվական գրոհի ներքո է գտնվում Հայոց բանակը, որի վարկաբեկման ու բարոյազրկման նպատակով գործի է դրվել արևմտյան ողջ քարոզչամեքենան։ Վարկաբեկվում են Արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող անձինք, սեպ է խրվում զինվորների և սպայական կազմի միջև, սերմանվում է անվստահություն ընդհանրապես ողջ զինված ուժերի նկատմամբ (մասնավորապես, փորձ է արվում 2016-ի ապրիլյան կռիվները որակել՝ իբրև Հայաստանի ռազմական պարտություն):
Այսպիսով, արևմտյան համապատասխան կենտրոնների կողմից մշակված նեոլիբերալ գաղափարախոսությունը՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց իրավահավասարության և ազատության շղարշի ներքո, իրականում ուղղված է մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ինստիտուտների ոչնչացմանը, թիրախավորելով դրանք՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը դիմադրող կենսունակ օղակներ։
Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները՝ արձանագրում ենք. տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են հայ մարդու ինքնության և բարոյականության, Հայ եկեղեցու և քրիստոնեական արժեհամակարգի դեմ և ուղղված են մեր երկու հայկական հանրապետությունների ոչնչացմանը:
Սա մեզ պարտադրված պատերազմ է, և այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար հայրենական է, նոր Ավարայր: Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության՝ պաշտպանելու մեր հայրենիքն ու ինքնությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, մեր արժանապատվությունն ու պատիվը:
Ինչպես ցույց է տալիս գունավոր հեղափոխությունների զոհ դարձած ժողովուրդների դառը փորձը, դրանք կործանարար են և չարիք ցանկացած ժողովրդի համար, անկախ այդ հեղափոխության անվանումից, այն հայտարարող անձանցից և ուժից, անկախ հայտարարվող թվացյալ բարի նպատակներից։ Դրանք մանիպուլյացիա և խաբկանք են, որի հետևանքով ամբողջ ժողովուրդներ և երկրներ հայտնվում են այլոց զոհասեղանին։
Այսօր արդեն տեսնում ենք, որ մի շարք ժողովուրդներ, գիտակցելով իրենց ազգային ինքնության կորստի վտանգը, դիմադրում են արևմտյան նեոլիբերալիզմի էքսպանսիային։ Ուստի, եկել է նաև մեր ժամանակը՝ միանալ այդ ազատագրական պայքարին, ասել է թե՝ միջազգային դիմադրական ճակատին:
Վահե Հայկունի



