Բաժիններ՝

Իրանում բողոքների ընթացքում անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. Ռոհանի

Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք է ազատ արձակվեն: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Հարկավոր է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, եւ այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ եւ զինված չէին, «…» պետք է ազատ արձակվեն»,-ասել է նա: Նախագահի ելույթը հեռարձակել է պետական հեռուստատեսությունը:

Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում է վառելիքի արժեքի եռակի աճ: Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով:

Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում:
Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտարարել է Թեհրանի նահանգի նահանգապետ Մոհսեն Բանդպին, միայն մայրաքաղաքում անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է 2021 մարդ: Նրա խոսքով՝ քիչ ժամանակ անց նրանց մեծամասնությունն ազատ է արձակվել:

Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս