Վրաստանում 12.000 երեխա դպրոց չի հաճախում. ՅՈւՆԻՍԵՖ
ՅՈւՆԻՍԵՖ-ի տեղեկատվության համաձայն, Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Երկրում գործարկվել է երկամյա ծրագիր՝ նպատակ ունենալով ներգրավել դպրոցից դուրս մնացած երեխաներին եւ բարելավել նրանց ուսուցման արդյունքները: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ միասին Վրաստանում նախագծի գործընկերն է Բուլղարիան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Հանրապետության կրթության նախարարությունը հստակ պատասխան չունի, թե այդ խնդիրը հատկապես որ տարիքային խմբի երեխաներին է վերաբերում: Գերատեսչությունում ասում են, որ ներկայում աշխատանք է տարվում միջգերատեսչական ծրագրի վրա, որի շրջանակում տեղի կունենա այդ անձանց նույնականացումը: Երկամյա նախագիծը միտված է դպրոց չհաճախող երեխաների համար աջակցման հատուկ ծրագրի մշակմանը, որն առաջին փուլում իրագործվելու է 15 դպրոցում եւ վեց ցերեկային կենտրոնում:
Փորձնական նախագծի հաջողության դեպքում Վրաստանի բոլոր դպրոցներում կիրագործվեն «երկրորդ շանսի» կրթական ծրագրեր: