«Մարտի 1-ը եղել է ձեր իշխանության օրոք, Հոկտեմբերի 27-ը՝ նույնպես». Արայիկ Հայությունյանը՝ Բրյուսելի ցուցարարներին
Նոյեմբերի 22-ի առավոտյան Բրյուսելում ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին կոչ են արել դադարեցնել հայոց լեզվի և պատմության դեմ պայքարը և հրաժարական տալ:
«Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը»,- ասացին նրանք:
«Ո՞րն է ապազգային քաղաքականությունը,- հարցրեց նախարարը՝ շարունակելով,- Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին: Մարտի 1-ը եղել է ձեր իշխանության օրոք, Հոկտեմբերի 27-ը՝ նույնպես»։
«Ոչ, մենք իշխանություն չենք եղել, Դուք փաստեր չունեք»,- հակադարձեցին ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամները:
«Կրթական համակարգում ամենամեծ կոռուպցիան եղել է ձեր նախարարի օրոք»,- նկատեց Արայիկ Հարությունյանը:
ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամները շարունակեցին՝ ասելով, որ ազգային արժեքների դեմ արշավ է անում:
«Մեր քույրերն ու եղբայրներն եք, ճիշտ կողմնորոշվեք, որովհետև ձեզ ապատեղեկացնում են: Եթե ցանկանում եք՝ անպայման կհանդիպեմ ձեզ, ու կքննարկենք»,- պատասխանեց նախարարը:
ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամներն «Ամոթ», «Արայիկ հեռացիր» կոչերով ճանապարհեցին նախարարին՝ ասելով. «Մեկ բան իմացեք, Դաշնակցությունը ներսում և դրսում նույնն է, դուք տարբերություն եք դնում, ինչպես հայաստանցիների և սփյուռքահայերի դեպքում»:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ