Բաժիններ՝

«Կյանքը այս քեզ տրված է` որպես նվեր»

Տարածվեց ինքնասպանության մասին հերթական հաղորդագրությունը` 1991թ. ծնված մի երիտասարդ օգոստոսի 28-ին, առավոտյան 8-ի մատույցներում, նետվել է Կիևյան կամրջից: Ինքնասպանությունների քրոնիկան արդեն տագնապեցնող է: Հուսահատությունը, խաղատանը թողած հերթական խոշոր գումարը, անպատասխան սերը, սիրելի մարդու կորուստը որոշ երիտասարդների համար միայն մեկ ելք են թողնում` վերջ տալ կյանքին: Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. իրենց կյանքին վերջ տված երիտասարդները, ըստ տարածված հաղորդագրությունների, ապահով ընտանիքից են. անգամ մեքենայով են գալիս` կամրջից նետվելու:

Քանի որ պետությունն առանձնապես պարտավորություններ չունի տարիքն առած մարդկանց հանդեպ (թոշակի չափը վիրավորական է, սոցիալական փաթեթներ չեն առաջարկվում), հաճախակի են դարձել նաև 60-ից բարձր տարիքի մարդկանց ինքնասպանության դեպքերը: Պատճառը երկար փնտրելու հարկ չկա. նրանք ընտանիքում իրենց ավելորդ բեռ են զգում:
Թերևս, բոլոր մարդկանց մտքով, այս կամ այն իրավիճակում, առաջացել է ցանկություն` վերջ տալ կյանքին: Նման մտքեր ավելի հաճախ այցելում են այն տարիքում, ինչ տարիքում կյանքին վերջ տվեց երիտասարդ Վերթերը, գետը նետվեց Անուշը, թույն խմեց Ռոմեոն, ու ինքն իրեն սրով հարվածեց Ջուլիետը: Այսինքն` երբ բանականությունը, գիտակցությունն անհամեմատ զիջում են զգացմունքներին: Նետվեցիր կամրջից կամ շենքի բարձր հարկից, ու վերջ բոլոր տառապանքներիդ: Ընդ որում` ավելի հաճախ` թվացյալ տառապանքներիդ:

Սակայն, եթե Հուդա կամ Պիղատոս չես, որոնք այդպես էլ չկարողացան հաշտվել իրենց խղճի հետ և վերջ տվեցին իրենց կյանքին, եթե Սոկրատես չես, ով ինքնասպանությունից մեկ ամիս առաջ տեսություն էր մշակել` որքան հրաշալի է մահը, եթե Զիգմունդ Ֆրեյդ, Հեմինգուեյ կամ Արշիլ Գորկի չես, ովքեր չդիմանալով իրենց հիվանդությունների պատճառած մղձավանջին, վերջ տվեցին իրենց կյանքին, եթե Չայկովսկի կամ Օսկար Ուայլդ չես, ում հասարակությունն այդպես էլ չներեց անձնական դժբախտությունը և ստիպեց վերջ տալ կյանքին, ապա չկա այլ պատճառ` կյանքը կամավոր ընդհատելու համար:

Վերջերս լրատվամիջոցները գրեցին բանակից իրենց գյուղ վերադարձած երիտասարդի մասին, ով սիրած աղջկանից «ոչ»-ը լսելուն պես նետվել էր իրենց գյուղի ցածրիկ կամուրջից և, բարեբախտաբար, միայն կոտրել ձեռքը: Ինչպես երիտասարդն ավելի ուշ պատմեց, ողջ մնալուց հետո հասկացավ, թե ինչ հիմարություն է արել, և ինչ հրաշալի բան է կյանքը:
Կյանքը գնահատելու համար բավական է հասկանալ, թե ինչ եզակի հնարավորություն է շնորհվել յուրաքանչյուրիս` ծնվել: Ի վերջո, միլիոնավոր սերմնաբջիջներից բեղմնավորվում է ընդամենը մեկը կամ, լավագույն դեպքում, երկուսը: Բացառիկ հնարավորություն` ծնվել, ապրել, սիրել, տեսնել արևածագը, առավոտյան սուրճ խմել, և այլն, և այլն:
Կյանքում կան անասելի բարդ պահեր, երբ միակ ելքը տեսնում ես կյանքիդ վերջ տալու մեջ: Ինչո՞ւ այդպես պատահեց հենց քեզ հետ: Ինչո՞ւ: Մինչև ե՞րբ: Վե՛րջ, այլևս չեմ կարողգ Այս դեպքում ուղղակի առաջին անհրաժեշտություն է` միացնել բանականությունը, գիտակցությունը:

Ի վերջո, հավատը: Ինքս կարող եմ վկայել. եղավ ժամանակ, երբ ամեն ինչ ունայն էր թվում, երբ պատրաստ չէի հասկանալ մի շարք «ինչո՞ւ»-ների պատասխանն, ու կյանքն անմիտ ժամավաճառություն էր թվում: Գրադարակից վերցրեցի ձեռքս ընկած առաջին գիրքը` Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»: Անսպասելիորեն գրքում գտա հենց այն հարցերի պատասխանները, որոնք անգամ չէի կարողանում ձևակերպել: Գտա բանալին, որով բացվում են փակ դռները: Այդ բանալին խնդիրը ճիշտ ընկալելն է: Այսինքն` անլուծելի թվացող խնդրի հանդեպ վերաբերմունքդ փոխելը: Այս դեպքում սկսում ես գնահատել Աստծո ամեն օրը:

Ի վերջո, ինքնասպան լինելուց առաջ կարևոր է հասկանալ, որ ողջ վիճակում ունես հնարավորություն` շտկելու իրավիճակը, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ անել մահվանից հետո: Հաջորդ քայլը, որը կարող է ետ պահել ինքնասպանությունից, այն է, թե որքան մեծ ցավ եք պատճառում ձեր հարազատներին: Ինքնասպանություն գործողները հաճախ մխիթարվում են նրանով, թե ինչ անդառնալի վիշտ են հասցնում իրենց անուղղակիորեն ինքնասպանության հասցրած մարդկանց: Սակայն այս դեպքում բավական է վերհիշել «Աննա Կարենինան». ինքնասպանների ակնկալիքները, որպես կանոն, զիջում են իրականությանը:

Կարելի է ինքնասպանությունը գեղեցիկ փաթեթավորված ներկայացնել` որպես բացառիկ կամքի դրսևորում, որպես կյանքի թելադրած պայմաններին անհամաձայնություն, մարտահրավեր: Դեռևս երաժշտական դպրոցից մնացած ամենակարևոր տպավորությունը. ի՞նչ կլիներ, եթե խլացած Բեթհովենն ինքնասպան լիներ (իր այդ ցանկության մասին բազմիցս գրել է իր նոթատետրում): Սակայն նա ապրելու ուժ գտավ ու գրեց 7-րդ, 8-րդ և, վերջապես, 9-րդ սիմֆոնիաները:

Կա մի «մխիթարանք». նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն հաշտվում իրերի այն դասավորության հետ, որում հայտնվել են, ում համար կյանքի ամեն օրը դաժան պայքար է անարդարության դեմ կամ հանուն մի կտոր հացի, ովքեր ծանր վիշտ են կրում և ցանկանում են վերջ տալ իրենց կյանքին, պարզապես թող հիշեն` այսպես թե այնպես, թե՛ իրենք, թե՛ երկրագնդի բոլոր մարդիկ` անկախ սոցիալական դիրքից, տաղանդի կամ տխմարության աստիճանից, միևնույն է` մահկանացու են: Այսինքն` մեռնելու հնարավորություն բոլորն էլ վաղ թե ուշ կունենան:
Կարևորը մինչև այդ պահը ապրելն էգ

Հ.Գ. Վերնագիրը Ռուբեն Հախվերդյանի երգից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս