«Տպավորություն է, որ այս օրենքի հետ կապված աշխատանքային խումբն «անորսալի վրիժառուների» մի խումբ է». Ազգագրագետը՝ նախարարի խորհրդականին

«ՀՀ-ում կրթությունն ու գիտությունը վաղուց գտնվում են ճգնաժամի մեջ, իսկ ճգնաժամից դուրս գալու լուծումները համակարգային չեն կարող չլինել: Փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարևորությունը չեմ վիճարկում, բայց ուզում եմ տեսնել առաջարկի գիտական փաստարկվածությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը պետք է լիներ ամենավերջին փաստաթուղթը, որ պետք է բերվեր հրապարակային քննարկման: Որպես մասնագետ՝ ես պետք է ունենայի նախարարության և համապատասխան փորձագիտական խմբերի՝ գիտականորեն հիմնավորված հրապարակային տեքստերն այն մասին, որ  համակարգային ճգնաժամի լուծման  լավագույն տարբերակը  բարձրագույն կրթության և գիտության ինտեգրացիայի այն մոդելն է, որն առաջարկվում է: Պետք է տեսնեի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ պետք է երևար, թե ինչ ենք մենք ունենալու 10-15 տարի հետո: Օրենքը, անկախ բովանդակությունից, այս փուլում ընդունելը ժամանակավրեպ է, որովհետև  ճգնաժամի մեջ գտնվող երկու համակարգերը սկզբնական փուլում պետք է գնան ճգնաժամի առողջացման տակտիկական, ավտոնոմ լուծումների ճանապարհով, պետք է լինի պիլոտային, փորձարկումների փուլ, որից հետո կչափենք արդյունավետությունը»,- ասաց Մխիթար Գաբրիելյանը:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Վահագն Հակոբյանի  կարծիքով էլ՝ շարժումը պետք է լիներ ոչ թե վերևից դեպի ներքև, այլ՝ ներքևից դեպի վերև:

«Փորձում են այնպես ներկայացնել, թե սա հացի խնդիր է, ժամի խնդիր է: Մի տեսակ տհաճ տպավորություն եմ ստացել քննարկումների ընթացքում բոլոր կողմերից, նկատել եմ քաղաքական ենթատեքստ, անձնավորում, պաթոս, նման հարցերի քննարկումն էս մակարդակի չպետք է լիներ»,- նշեց նա:

Կարդացեք նաև

ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն էլ շտապեց պարզաբանել շտապողականության պատճառը:

«Օրենքի հետ կապված գուցե մի փոքր շտապում ենք, որովհետև շատ ենք ուշացել: Կրթական համակարգի զարգացումն այնքան արագ տեմպերով է փոփոխվել ամբողջ աշխարհում, իսկ մենք դոփում էինք տեղում: Մենք խնդիր ունենք միևնույն ժամանակ լուծելու երկու հարց՝ փորձել վերականգնել մեր կրթական համակարգի հետընկնումը, կամ կրճատել և տեսնել զարգացման հեռանկարներ: Սա բարդ խնդիր է: Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, ապա սահմանափակ թվով մարդիկ են մշակել»,- մանրամասնեց  Սամվել Կարաբեկյանը:

Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանն արձագանքեց՝ ասելով. «Տպավորություն է, որ այս օրենքի հետ կապված աշխատանքային խումբն «անորսալի վրիժառուների» մի խումբ է, որ ամբողջ հարվածն ուղղվում է պարոն Կարաբեկյանին: Հրապարակե՚՛ք փորձագետների ցանկը: Ես պետք է հասկանամ՝ վաղն այս օրենքի ընդունման քաղաքական պատասխանատվությունը՝ մշակման մակարդակով, ո՞ւմ վրա է: Ես հստակ ճանապարհային քարտեզ եմ ուզում տեսնել, որովհետև, ցավոք, դրա տապալումը ես տեսել եմ Վրաստանում: Գնացե՛ք և տեսեք, թե ի՞նչ վիճակում է հայտնվել վրացական գիտությունը՝ նման մի վերափոխումից հետո»:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս