«Շատ երկրներում սպառողական շարժման ընթացքում ձևավորվել են, այսպես կոչված, «բողոքի կենտրոններ»». Սպառողների միջազգային կազմակերպության նախագահ
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Սպառողների ազգային ասոցիացիայի և Սպառողների միջազգային կազմակերպության 20-ամյա հոբելյանը: Ներկա է եղել նաև Սպառողների միջազգային կազմակերպության նախագահ Մարիմութու Նեդիսոնը (Լոնդոն):
«Ուրախ եմ, որ կազմակերպությունը որոշել է ներկայացնել «Սպառողական գիտելիքի հիմունքներ» գիրքը: Պետք է նշեմ, որ Սպառողների միջազգային կազմակերպության 121 երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն սպառողների շահերի վերաբերյալ գործունեություն են ծավալում, և ներդրվել է երկու մոտեցում՝ առաջինը սպառողների իրավունքների պաշտպանության օրենքն է, երկրորդը՝ սպառողական կրթությունը, որը ներառում է սպառողների 8 իրավունք: Սպառողական կրթության մեջ կառանձնացնեմ երեք կարևոր բաղադրիչ. առաջինն ուսումնական ձեռնարկի ստեղծումն է, երկրորդը՝ ուսուցիչների վերապատրաստումը, իսկ երրորդն այն մեթոդներն են, որոնցով երեխաներին կներգրավենք գործընթացի մեջ:
Սպառողական կրթության մեջ ամենակարևորը ճիշտ մեթոդներ ընտրելն է, որպեսզի երեխաներին հետաքրքրի: Օրինակ՝ Մալազիայում մենք հետևյալ մեթոդն ենք կիրառում. Երեխաներին ըստ տարիքային խմբերի՝ 7-9, 10-12, տրամադրվում է 100 դոլար, և նրանք գնում են սուպերմարկետ՝ գնումներ կատարելու, որից հետո արդեն դիտարկում ենք, թե ինչպե՞ս են կատարել գնումները, ինչպե՞ս են ծախսել գումարը, արդյո՞ք սննդարար, առողջարար մթերքներ են գնել, թե՞ ոչ: Կատարում ենք նաև պարզ վարժություններ, օրինակ՝ երեխաներին սովորեցնում ենք, թե ինչպես կարելի է խնայել էլեկտրաէներգիա: Գիտենք, որ բոլորի տներում շատ են սարքավորումներ միացրած, և, եթե որևէ մեկն անջատենք՝ կարող ենք խնայել 30 տոկոս էլեկտրաէներգիա: Երեխաներին սովորեցնում ենք նաև, թե ինչո՞ւ չպետք է վատնել խմելու ջուրը, ինչո՞ւ ենք կազմակերպում ծառատունկ, որովհետև գիտենք, որ կլիմայական փոփոխությունների ենք բախվելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարիմութու Նեդիսոնը:
168.am-ը հետաքրքրվեց, թե ընդհանրապես ո՞ր տարիքից է անհրաժեշտ երեխաներին սովորեցնել սպառողի իրավունքներն ու պարտականությունները, Սպառողների միջազգային կազմակերպության նախագահը պատասխանեց.
«Սպառողական կրթությամբ պետք է զբաղվել վաղ տարիքից: Օրինակ՝ Մալազիայում և այլ երկրներում սպառողական կրթությունը սկսվում է մանկապարտեզից, երբ երեխաները 4 տարեկան են: Ունենք ծրագիր՝ ինչպե՞ս խնայել գումար, կամ ինչպե՞ս ծախսել այն: Օրինակ՝ 6-7 տարեկան երեխաներին հանձնարարում ենք գրել, թե ինչպե՞ս են ծախսում այն երկու դոլարը, որ ծնողներն են տալիս: Արդյո՞ք գնում են խմիչքներ, որոնք հարուստ են շաքարով, թե՞ ոչ: Կրթությունը վաղ տարիքից սկսելը շատ կարևոր է, քանի որ երեխաները հասկանում են, թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց շահերը»:
Մեր հաջորդ հարցին, թե երբ խախտվում են սպառողների իրավունքները, ինչպիսի՞ն է դրա լուծման ճանապարհը. ամեն ինչ հարթվում է հասարակական կազմակերպությունների՞ միջոցով, թե՞ դատարանի, Մարիմութու Նեդիսոնը նկատեց. «Շատ երկրներում սպառողական շարժման ընթացքում ձևավորվել են, այսպես կոչված, «բողոքի կենտրոններ», որոնց կարող են դիմել, իսկ փաստաբանները պատրաստ են խորհուրդներ տրամադրել: Եթե, օրինակ, սպառողի իրավունքը խախտված է որևէ կազմակերպության կողմից, նա կարող է դիմել այդ կենտրոն և ստանալ համապատասխան խորհուրդ, թե ինչ քայլեր ձեռնարկի: Սակայն ուզում եմ նշել, որ մեր օրերում արտադրող ընկերությունները բավականին լավ գործունեություն են ծավալում, փորձում են սպառողների իրավունքները չոտնահարել: Գործում են նաև վնասի փոխհատուցման մեխանիզմներ, և շատ դեպքերում հարկ չի լինում դիմել դատարանների, ծախսել շատ գումար: Պարզապես այդ մեխանիզմների կիրառությունն է, որ մարդկանց օգնում է ստանալ վնասի փոխհատուցում»:
Անի Կարապետյան