«Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ»

«Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, առողջապահության նախարարությունում օրենսդրության հերթական աղաղակող ոտնահարումն է տեղի ունեցել։ Օրենքն ամրագրում է, որ նախարարություններում ոլորտային համակարգումները վերապահված են բացառապես փոխնախարարներին, որոնք այն իրականացնում են համապատասխան վարչությունների միջոցով։

Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս նախարար Արսեն Թորոսյանը մի հրաման է ստորագրել, որով նախարարության վարչություններից մեկի համակարգումը հանվել է փոխնախարարներից եւ հանձնվել աշխատակազմի ղեկավարին:

Նախարարությունում խոսում են, որ, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի եւ այդ վարչության պետի մտերիմ հարաբերությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:

Նա, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:

Այդ փաստը դուր չի գալիս հատկապես փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:

«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,ասել էր մեր զրուցակիցը:

Փաստացի, ստացվում է, որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը նոր «երանգներ է ստանում» եւ, ըստ մեր զրուցակիցներից մեկի, «այս անգամ եւս գործ ունենք աշխատակազմի ղեկավարի եւ վարչության պետի հերթական «ստվերային գործարքի» հետ, որը կատարվել է առողջապահության նախարարի համաձայնությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս